Բաժիններ՝

«Վտարանդի թատերախումբը». տեղահանվելուց հետո ինչպես է գոյատևում Ստեփանակերտի թատրոնը

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը Արցախի միակ պահպանված ռուսական թատրոնն է, մարտի 7-ին կնշի ծննդյան տարեդարձը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ժաննա Կրիկորովան պատմեց, որ թատրոնը հիմնադրվել է 2022 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին կից գործող «Թափառող շուն» արտ-ստուդիայի հիմքի վրա։ Կրիկորովան ընդգծեց, որ խոսքը ոչ թե ստուդիայի վերափոխման, այլ հենց նոր թատրոնի ստեղծման մասին է։

Արցախից տեղահանվելուց հետո կոլեկտիվը կարողացել է շարունակել իր գործունեությունը Երևանում: Չնայած սեփական տարածք չունենալուն և եղած պայմանների դժվարությանը՝ թատրոնը շարունակում է ներկայացումներ բեմադրել, նոր ձևաչափեր փորձարկել և փառատոների մասնակցել:

«Թատրոնը դեռ իր տարածքը չունի, իսկ վարձակալված վայրերում աշխատելու համար լավ պայմաններ չկան։ Բայց մենք շարունակում ենք գործել, նոր տարբերակներ փնտրել, նոր ներկայացումներ ներկայացնել հանդիսատեսին», – նշեց Կրիկորովան։

Տարվա ընթացքում բեմադրվել է երկու իմմերսիվ ներկայացում (ժամանակակից ինտերակտիվ թատրոնի եղանակ, որտեղ հանդիսատեսը ներգրավվում է ծավալվող իրադարձություններին – խմբ.)։ Ջոն Բ. Պրիստլիի պիեսի հիման վրա բեմադրված «Վտանգավոր շրջադարձ» ներկայացմանը հանդիսատեսը դարձել էր սյուժեի մի մասը, որտեղ խուզարկուներ և ատենակալ դատավորներ են։ «Իրանական կոնֆերանսում» հանդիսատեսը կարող է մասնակցել կենդանի երկխոսությանը:

«Այսօր հանդիսատեսին դուր են գալիս դրամատուրգիայի ոչ ստանդարտ մոտեցումները, նոր վայրերն ու ձևաչափերը։ Մարդիկ չեն ցանկանում լինել պասիվ դիտորդ, այլ արվեստում որոնում են ներգրավվածություն: Դա հետաքրքիր է նաև մեզ համար, և մենք շարունակում ենք ընթանալ այդ ուղղությամբ», – ընդգծեց Կրիկորովան։

Թատրոնն արդեն հասցրել է ներկայանալ միջազգային բեմերում։ Մայակովսկու պոեզիայի հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» ներկայացմամբ Մուրմանսկի փառատոնին մասնակցությունը կարևոր փուլ էր թատրոնի նոր պատմության մեջ։ Ներկայացումը ջերմորեն ընդունվեց հանդիսատեսի կողմից, արժանացավ երկու մրցանակի և թատերական քննադատների բարձր գնահատականներին:

«Կարևորը մրցանակները չեն, այլ թե ինչպես մեզ ընկալեց կոմպետենտ ժյուրին։ Մեր թատրոնը ներկայացնելու ընթացքում միշտ ընդգծվում էր՝ սա վտարանդի, տունն ու հայրենիքը կորցրած թատրոն է, բայց կարողացել է հաստատվել Երևանում ու շարունակել ստեղծագործական գործունեությունը»,-նշեց Կրիկորովան։

Թատերախմբի հիմնական կազմում ինը դերասան կա, ևս հինգը երիտասարդական ստուդիայում են պարապում։ Մինչև 2025 թվականի մարտը թատրոնը ֆինանսական աջակցություն էր ստանում «Դիալոգ» կազմակերպությունից, սակայն մարտի 1-ից գործընկերությունն ավարտվեց։ Այժմ թիմը նոր գործընկերների և զարգացման հետագա հնարավորությունների ակտիվ փնտրտուքի մեջ է:

Դերասանուհի Շողեր Սարգսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ չնայած բոլոր դժվարություններին, թատերախումբը շարունակում է աշխատանքը: Առաջիկայում կկայանա Գեորգի Պոլոնսկու «Կապրենք մինչև երկուշաբթի. Բանալին` առանց փոխանցման իրավունքի» պիեսի հիման վրա նոր՝ ժամանակակից իրողություններին հարմարեցված ներկայացման պրեմիերան։ Նա նշեց, որ դերասանների համար թատրոնը դարձել է ոչ միայն ստեղծագործելու վայր, այլև կորուստը և դժվար ժամանակները հաղթահարելու միջոց:

Դերասանուհի Վերոնիկա Տոնյանը ևս ընդգծեց, որ շատերի համար թատրոնը դարձել է միակ փրկությունը:

«Այն մեր մազերից բռնած՝ մեզ դուրս է քաշում ճահճից՝ թույլ չտալով հայտնվել դեպրեսիայում և ընկճվել»,– ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս