
Եվրոպացի առաջնորդները արտակարգ գագաթնաժողով են անցկացնում. Օրակարգում 800 մլրդ եվրո արժողությամբ վերազինման ծրագիրն է

Այս պահին Բրյուսելում տեղի է ունենում արտակարգ գագաթնաժողով, որի ընթացքում եվրոպացի առաջնորդները քննարկում են ԵՄ-ի դերը ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում, անդամ երկրների վերազինումը և առանց ԱՄՆ-ի մասնակցության Ուկրաինային օգնություն տրամադրելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում են եվրոպական լրատվամիջոցները։
Եվրոպական առաջնորդների այսօրվա արտակարգ հանդիպումը տեղի է ունենում մի շարք աղմկահարույց ցնցումների ֆոնին, որոնց բախվել են Ուկրաինան և ԵՄ-ն վերջին օրերին։ Խոսքը մասնավորապես Կիև ամերիկյան զենքի մատակարարումների և հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցման մասին է։
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով հատուկ հրավիրված էր գագաթնաժողովին, ԶԼՄ-ների համար հայտարարություններ են արել։ ԵՄ խորհրդի նախագահը նշել է, որ Եվրոպայի անվտանգությունն ու պաշտպանությունը չի կարելի դիտարկել Ուկրաինայից առանձին։ Կոշտան ընդգծել է՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի դարձել ԵՄ անդամ։
«Մենք շրջադարձային պահ ենք ապրում ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ուկրաինայի համար, որը մեր ընտանիքի մի մասն է»,- իր հերթին ասել է ֆոն դեր Լեյենը:
Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները հավանություն կտան 800 մլրդ եվրո արժողությամբ «Եվրոպայի վերազինման» ծրագրին, որը նախանշել Էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այս շաբաթվա սկզբին:
«Եվրոպան պետք է դառնա ավելի ինքնիշխան, ավելի պատասխանատու սեփական պաշտպանության համար և ավելի լավ վերազինված, որպեսզի լինի ինքնավար՝ ի պատասխան ընթացիկ և ապագա մարտահրավերների ու սպառնալիքների»,- ասված էր նախագծի եզրակացությունների վերջին հատվածում, փոխանցումլ է The Guardian-ը: