
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլի 1-ից կրկնակի կբարձրանա

Կառավարության և օրենսդրական մարմնի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի պետական տուրքերը՝ առանց ոլորտի գործունեության սահմանափակման։ ԱԺ նիստում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, ինչի արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ»,-նշեց Հայկ Սարգսյանը։
Ըստ նախագծի՝ բուքմեյքերական և շահումով խաղերի ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն կրկնակի բարձր տուրքեր, որոնք ուղղվելու են պետբյուջեի կարիքներին և կապիտալ ծախսերին։
Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ այս փոփոխությունները կարևոր են ոչ միայն բյուջետային մուտքերի ավելացման, այլև շահումով խաղերի գործունեության սոցիալական վնասները մեղմելու տեսանկյունից։
«Նաև կթոթափենք ինչ-որ մասով այն սոցիալական արհավիրքը, որ այս ընկերությունները պատճառում են մեր հայրենակիցներին իրենց գործունեությամբ»,- եզրափակեց պատգամավորը։