
ԲԺԻՇԿ, ԼԵՂԱՊԱՐԿԻ ՔԱՐԵՐՆ ԻՆՉԻ՞Ց ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ. ԱՀԱԶԱՆԳ՝ լեղապարկի աշխատանքի խանգարման մասին
Լեղաքարային հիվանդությանը (խոլելիթիազ) բնորոշ է լեղապարկում, երբեմն՝ լեղածորաններում քարագոյացումը։ Հիվանդության պատճառների, առաջացած քարերից ազատվելու մասին զրուցել ենք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական և ընդհանուր վիրաբույժ Գարիկ Առաքելյանի հետ։
– Բժիշկ, լեղապարկն ի՞նչ դեր է կատարում մեր օրգանիզմում։
– Լեղապարկը մարսողական օրգան է, այնտեղ կուտակվում է լեղին, և սննդի ընդունման պրոցեսում կամ դրանից դուրս լեղապարկը կատարում է իր ֆունկցիան։ Հայտնի է, որ լեղին մասնակցում է մարսողական պրոցեսներին՝ իր մեջ ունենալով մարսողական ֆերմենտներ, որոնք նպաստում են սննդանյութերի յուրացմանը։ Այլ կերպ ասած՝ առանց լեղու հնարավոր չէ պատկերացնել մարսողության բնականոն ընթացքը։
– Ո՞ր դեպքում են քարեր հայտնվում լեղապարկում։
– Լեղապարկում քարերի առաջացման պատճառները տարբեր են՝ սկսած ժառանգականությունից՝ մինչև անառողջ սննդակարգ։ Քարերը տարբեր են՝ լինում են բիլիռուբինային, կալցիումական և այլն։ Առավել հաճախ հանդիպում են բիլիռուբինային տեսակի քարերը, որոնք վիրահատության ժամանակ կարողանում ենք տարբերել մուգ գույնի պատճառով։ Դրանք՝ կարծր, իսկ կալցիումականները՝ փուխր և սպիտակավուն քարեր են։
Մի փոքր նշանակություն ունեն տարիքն ու սեռը․ հատկապես 35-ից բարձր տարիք ունեցող կանանց մոտ տարածվածությունը շատ է։ Սա կապ ունի, օրինակ, առանց բժշկի թույլտվության դեղորայք օգտագործելու հետ։ Հորմոնային բնույթի դեղերը նպաստում են կանանց օրգանիզմում էստրոգենների փոխանակության խանգարմանը, իսկ էստրոգենների բարձր բալանսը բերում է լեղապարկում քարերի գոյացմանը։
– Բիլիռուբինային քարերն ինչի՞ հետևանքով են առաջանում։
– Առաջանում են բիլիռուբինի նորմալ փոխանակության խանգարման, ինչպես նաև ոչ բալանսավորված սննդակարգի հետևանքով։ Մարդիկ երբեմն ժամանակ չեն ունենում նախաճաշելու, անգամ օրվա ընթացքում կարող է մեկ անգամ սնունդ ընդունեն կամ խիստ զբաղվածության պատճառով շատ ուշ ժամերի սնվեն, ինչը լեղապարկում բիլիռուբինային քարերի գոյացմանը նպաստող գործոն է հանդիսանում։
Լեղապարկը կրճատվող օրգան է ու սիրում է անընդհատ աշխատել։ Լեղին մնալով թանձրանում է, նպաստում փոխանակության խանգարմանը, քարերի գոյացմանը։ Լեղու թանձրացում կարող է դիտվել ոչ միայն լեղապարկում, այլև լեղուղիներում, և քարեր առաջանում են ոչ միայն լեղապարկում, այլև լեղուղիների տարբեր հատվածներում, որոնք իրենց բնույթով ավելի ծանր ընթացք են ունենում, քան լեղապարկում ձևավորված քարերը։
– Խոսեցիք սոված չմնալու մասին։ Այսինքն, երբ մարդը սովածություն է զգում՝ անպայման հա՞ց ուտի, թե՞ չափ գոյություն ունի։
– Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց նախաճաշը կարևոր նշանակություն ունի լեղապարկում քարերի գոյացման համար, որովհետև դեռ գիշերվա ընթացքում, քնի ժամանակ լեղապարկը լայնանում է։ Լեղի է կուտակվում, և լեղապարկը չի աշխատում և այդ 6-8 ժամերից հետո լեղապարկը պետք է աշխատի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ այդ 8 ժամին ևս 8 ժամ է գումարվում։ Արդյունքում, 16 ժամ չաշխատելը նպաստելու է քարագոյացման, որովհետև լեղին անընդհատ պետք է հոսի, լեղապարկն անընդհատ կրճատվի և նպաստի լեղապարկից լեղու արտահոսքին, որպեսզի այնտեղ չկուտակվեն քարեր։ Կան մարդիկ, որ այս ամենին հետևում են, բայց կա ժառանգական ֆոնը, որի դեպքում ևս կարող են տարբեր չափի քարեր գոյանալ։
– Ստացվում է, որ դիետաները ևս վնասում են լեղապարկին։
– Այո։ Ընդհանուր առամամբ դիետա հասկացությունը ճիշտ է, սակայն հաշվի առնելով այն, որ բժշկական կրթություն, որակավորում չունեցողներն իրենց կոչում են դիետոլոգ, նշանակում դիետա, որն իրենց պակերացմամբ՝ միգուցե օգուտ է, բայց չափազանց վնաս է օրգանիզմին։
Երբեմն դիետա ասելով՝ մարդիկ հասկանում են չուտել, չխմել և արդյունքում՝ նիհարել։ Ոչ, դիետան բալանսավորված սննդակարգն է, որը գնահատվում է բժշկական կրթություն ունեցող դիետոլոգի կողմից՝ տվյալ բուժառուին ու նրա օրգանիզմին համապատասխան։
Ոչ ճիշտ սահմանված դիետան, չուտելն ու չխմելը կարող է նպաստել լեղապարկում քարերի գոյացմանը։
– Հիմա նորաձև է, անգամ երեխաներն են դիետա պահում․ սա ի՞նչ վնասներ կարող է հասցնել։
– Դեռահասության տարիքում մեծ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին։ Հատկապես աղջիկները նախընտրում են չուտել, քանի որ «նիհար լինելը նորաձև» է, բայց դա կարող է բերել վատ հետևանքների։
Նշեմ, որ գիրություն, ճարպակալում ունեցող դեռահասների 30 տոկոսի մոտ լինում է քարային կամ ոչ քարային խոլեցիստիտ՝ լեղապարկի բորբոքում։ Իհարկե, դիետա պետք է սահմանվի, բայց գրագետ, ոչ թե ծնողը կամ տվյալ անձն ինքն իր համար դիետա սահմանի։
– Երեխաների և երիտասարդների շրջանում հիվանդությունը շա՞տ է տարածված։
– Այո։ Ցավոք, լեղաքարային հիվանդություն կարող է հանդիպել նույնիսկ նորածնային, անգամ ներարգանդային շրջանում։ Պատճառները տարբեր են, մեծ նշանակություն ունի ժառանգականությունը։
Հաճախ դրսևորվում է միջին տարիքի անձանց շրջանում։ Կանանց դեպքում՝ 35, տղամարդկանց դեպքում՝ 45 տարեկանից սկսած, չնայած հաճախ բուժառուն կարող է ունենալ լեղաքարային հիվանդություն, որը հայտնաբերվել է պատահական՝ սոնոգրաֆիկ քննության հետևանքով։
– Ի՞նչ ուտել՝ լեղապարկի քարերի առկայության դեպքում, և ի՞նչ չուտել, որպեսզի քարեր չառաջանան։
– Առողջ սննդակարգը ենթադրում է առավոտյան պարտադիր նախաճաշի առկայություն՝ բջջանյութով հարուստ սննդամթերքով։ Խուսափեք ճարպոտ, տապակած սննդամթերքից։ Թող լինի շոգեխաշած վիճակում սննդամթերք։ Կարևոր է առատ հեղուկների առկայությունը, որը նպաստում է, որ չձևավորվի թանձր լեղի։
Լինում են լեղապարկի և լեղածորանների բնածին անոմալիաներ, որոնք կարող են քարերի ձևավորմանը նպաստող գործոն հանդիսանալ։ Կարող է լինել ծորանի ծռվածություն, երկարության հետ կապված խնդիր և այլն։
– Այս դեպքում ի՞նչ հետազոտություններ պետք է կատարել նախապես՝ հիվանդությունը բացահայտելու համար։
– Եթե խնդիրը եղավ՝ դրսևորվելու է, պետք չէ ֆիքսվել։ Պետք է ձգտել առողջ ապրել, իսկ ժամանակը ցույց կտա՝ խնդիր կառաջանա՞, թե՞ ոչ։ Հիվանդությունից խուսափելու համար միակ կանխարգելիչ և հավաստի քայլն առողջ ապրելակերպն ու առողջ սննդակարգն է։ Իսկ այն, ինչ ժառանգում ենք գենետիկորեն, չենք կարող փոխել։
– Ո՞ր ախտանշաններն են հուշում հիվանդության առկայության մասին։
– Լեղապարկում, լեղուղիներում քարերի չափը կարող է մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր լինել կամ լեղապարկն ամբողջությամբ քարով լցված լինի ու լեղի չլինի։ Լեղաքարային հիվանդությունն ունենում է երկու ընթացք՝ սուր և քրոնիկ։ Սուր ընթացքի դեպքում հնարավոր չէ չիմանալ․ դրանք ուժեղ նոպայաձև ցավեր են, որոնք դրսևորվում են որովայնում աջ ենթակողային շրջանում, բերանում ունենում են դառնահամ զգացողություն, փսխում։
Քրոնիկ ընթացքի դեպքում կարող են ունենալ թույլ ցավեր աջ ենթակողային շրջանում, ծանրության զգացողություն՝ էպիգաստրալ շրջանում։ Երբեմն սա համարում են ստամոքսի խնդիր, հետագայում պարզվում է, որ լեղապարկի քարերի առկայությունն է նման սիմպտոմների պատճառը։
Սուր նոպայաձև ընթացք դիտվում է այն բուժառուների մոտ, որոնց մոտ քարերը համեմատաբար փոքր են։ Դրանք մեծ հնարավորություն են ունենում անցել պարկային ծորանով, լեղապարկի ծորանով, այնուհետև ընդհանուր ծորանում հայտնվել և սուր կերպով արգելակել լեղու ընթացքը։ Այս դեպքում լեղապարկը կծկվում է, բայց լեղու հոսք չի լինում։
Արտաքնապես մարդն ունենում է դեղնություն, թուլություն։ Այսպիսի արտահայտություն կա՝ լեղին լցվում է արյան մեջ։ Նման դեպքեր հաճախ են դիտվում։ Մանր քարը կարող է անցնել ծորան և կտրուկ արգելափակել լեղու հոսքը։ Հաճախ ենք լսում, որ փոքր քար էր, պետք չէ որևէ բան անել, բայց իրականում փոքր քարն ավելի մեծ խնդիր է, որովհետև մեծ քարը՝ 2-3սմ, ծանրության հաշվին նստում է լեղապարկի հատակին, և սուր խնդրի առաջացման հավանականությունը քիչ է։
Սուր դրսևորման ձևերից է հանդիսանում լեղապարկի էմպիեման՝ թարախի գոյացումը, որի դեպքում մարդը ջերմում է։ Պատի բորբոքման տարբեր աստիճաններ են լինում, և որոշ դեպքերում ինֆեկցված լեղին կարող է լցվել որովայն ու ձևավորվի լեղային պերիտոնիտ, ծանր ընթացք, ընդհուպ՝ մահ։
– Աչքերի դեղնությունը կարո՞ղ է հուշել խնդրի առկայության մասին։
– Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ։ Աչքերի դեղնությունը կարող է կապված լինել նաև բիլիռուբինի փոխանակության, լյարդի ֆունկցիայի խանգարման, բայց ոչ՝ լեղապարկում քարերի առկայության հետ։
– Ճարպակալումը և շաքարային դիաբետը քարերի առաջացման պատճառ հանդիսանո՞ւմ են։
– Այո։ Դրանք դարի հիվանդություններն են, որոնք նպաստում են ոչ միայն լեղաքարային հիվանդության դրսևորմանը, այլև այլ բնույթի հիվանդությունների ձևավորմանը։ Հանդիսանում են ուղեկցող և ընթացքը ծանրացնող խնդիրներ։
– Եթե հայտնաբերվում է մեկ քար, ի՞նչ են անում, փշրո՞ւմ են։
– 1970-80-ականներին, գրականության տվյալներով, քարերի փշրումը հանգեցրել է սուր, ծանրագույն խնդիրների։ Փշրանքները խցանել են ծորանները, առաջացել է շտապ վիրահատության կարիք, որն ավելի ծանր ընթացք է ունեցել, քան հանգիստ շրջանում վիրահատական միջամտություն իրականացնելը։
Նշեմ, որ բուժման միակ տարբերակը լեղապարկի ամբողջական հեռացումն է՝ քարերի հետ միասին։
Առանց լեղապարկի մարդը լինում է պրակտիկորեն առողջ։ Նման դեպքերում դիետայի սահմանումը, ճիշտ սննդակարգի պահպանումը, ապրելակերպը խստագույն մակարդակի վրա են դրվում։
– Քանի որ հակում կա, հնարավո՞ր է՝ քար առաջանա լեղածորանում։
– Այո։ Այս դեպքում ևս ելքը վիրահատական է։ Հիմնականում իրականացվում է էնդոսկոպիկ միջամտություն։
– Երբեմն վիրահատությունը հետաձգելու համար քարերը լուծող դեղեր են օգտագործում․ օգնո՞ւմ են։
– Գիտականորեն ապացուցված նման տվյալներ չկան, որովհետև եթե այդպես լիներ՝ վիրաբույժներն առաջինը նախապատվությունը կտային դրան։ Եթե բուժառուն ունի սուր խնդիր և հակացուցված է շտապ կարգով վիրահատական միջամտությունը, բուժում է նշանակվում՝ սուր խնդիրն անցկացնելու համար։
– Ճի՞շտ է, որ լեղապարկի խնդիրների դեպքում պատճառը պետք է փնտրել լյարդում։
– Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ։ Լինում են լյարդի հետ կապված խանգարումներ կամ արյան հիվանդություններ, որոնք հանգեցնում են արյան որոշակի բաղադրիչների քայքայման, ինչն էլ քարերի ձևավորման համար նպաստավոր գործոն է։ Կան լյարդի հիվանդություններ, որոնք բերում են լեղու թանձրացմանը և լեղապարկում կամ լեղուղիներում քարերի ձևավորմանը։
– Մարդու լեղապարկում քանի՞ քար է լինում։
– Մեկից մինչև անհաշվելի բնույթի քարեր կարող են լինել։ Կարող են լինել 3-4 քարեր կամ ընդունել ամբողջ լեղապարկի ձևը։
– Երիկամում քարեր ունեցողները պե՞տք է զգուշանան՝ լեղապարկում քարեր չունենալու առումով։
– Որպես այդպիսին, գիտական տվյալ չկա։ Երբեմն զուգակցվում են։ Մարդը կարող է քարեր ունենալ և՛ լեղապարկում, և՛ երիկամում։