
«Այսքան տրորված և նսեմացած ինձ երբեք չեմ զգացել. հայրենիքը նման կերպ չեն ներկայացնում»
Դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռն այն կարծիքին է, որ մեր «չկառավարությունը», անկախ քաղաքացու նկատմամբ իր վերաբերմունքից, պետք է կամք դրսևորի, որպեսզի այլ երկրի խոշտանգումներից ազատի:
«Դա երկրի լինելիության մասին է. երկիր կա՞, թե՞ ոչ, ունե՞նք երկիր, արդյո՞ք մեր երկիրն իր քաղաքացուն սատարում է: Մի կողմ դնենք բոլոր մնացած հարցերը, թե ինչքան բարի գործեր է արել Ռուբեն Վարդանյանը, ուղղակի, եթե չլիներ անգամ Ռուբեն Վարդանյան, հասարակ քաղաքացի լիներ, որ հայտնվել է նման իրավիճակում, պետությունը պարտավոր է քայլ անել:
Մեր պետությունը լռում է, ոչ մի կամք չի դրսևորում, մենք՝ քաղաքացիներս ենք ձայն բարձրացնում, մենք ենք որոշում: Ես համարում եմ, որ մեծ հաշվով մենք կառավարություն չունենք, մենք ենք մեր կառավարությունը: Իսկ իմ անձնական վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այն է, որ այս մարդը մեծագույն բարերար, հայրենասեր, առանձին մարդ է մեր երկրի համար, որի համար պետք է բոլորս ոտքի կանգնենք: Մենք՝ նկարիչներս, հիմա ծրագիր ենք մշակում, որպեսզի արվեստով փորձենք սատար կանգնել: Չեմ ուզում բարձրաձայնել, թե ինչ ենք անելու, բայց մենք էլ մեր մասով փորձում ենք այս հարցը բարձրաձայնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Նուռը՝ ընդգծելով, որ իրենց արվեստային խումբը նման ակցիաներ հաճախ է կազմակերպում՝ բարձրաձայնելու երկրում առկա խնդիրները:
Նկարիչ Սերո Սողոմոնյանն իր սատարումը հայտնեց Ռուբեն Վարդանյանի ընտանիքին. «Ինձ համար ահավոր ցավոտ է, ես այս թեմայով շատ չեմ խոսում: Ես իմ փոքր մասնակցությունն եմ ունեցել պատերազմին, և հաշվի առնելով այն փաստը, որ իրապես կամք, վճռականություն, հայրենասիրություն դրսևորող մարդկանց հանդեպ նման վերաբերմունքը Բաքվի կողմից և արդեն՝ ներսից է, դա ցավոտ անվանելն էլ է սխալ: Սիրտս ճմլվում է»:
Նկարիչներն օրերս են վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Ռաս ալ-Խայմայում տեղի ունեցած Made by Armenians ցուցահանդեսից, որը նրանց գնահատմամբ՝ «չցուցահանդես» էր:
«Այն, ինչ ցուցադրվում է վիդեոներով և ֆոտոներով, թե ինչ է եղել, բացարձակ կապ չունի իրականության հետ: Մենք ունենք իրական ֆոտոները և վիդեոները, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել: Դա ուղղակի խայտառակություն էր: 40 տարուց ավելի ես ցուցադրվում եմ աշխարհում, տարեկան միջինը 10-12 ցուցահանդես եմ ունենում տարբեր երկրներում, ես այսքան տրորված և նսեմացած ինձ երբեք չեմ զգացել: Այսպիսի վատ վիճակում ես չեմ եղել երբեք: Առաջին օրից ամբողջը, ինչ արվում էր, սուտ էր: Կազմակերպիչը ոմն Անի Մանուկյանն էր, որը փոխնախարար Նարեկ Մանուկյանի քույրն է: Նա նման միջոցառում կազմակերպելու փորձ չուներ: Նա ընդամենը մի տուրիստական ընկերություն է շատ վատ կառավարել, և մեկ էլ՝ ամբողջ Հայաստանը ներկայացնող ահռելի մեծ՝ 3000 քմ-անոց դահլիճում ցուցահանդես է կազմակերպում: Մենք՝ նկարիչներս, հրավիրված էինք որպես Հայաստանի ժամանակակից արվեստ ներկայացնողներ, կային նաև արտադրողներ՝ տարբեր ոլորտներից, ու ամբողջ խնդիրն այն էր, որ առհասարակ ցուցահանդես գոյություն չունեցավ»:
Մեր զրուցակիցների խոսքով՝ ցուցահանդեսն անցել է դատարկ տաղավարներով:
«Խաբեություն կա, որը դրսևորվում է այսպես. ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ պրոյեկտը հաջողել է, որովհետև պրոյեկտի վրա աստղաբաշխական թիվ է ծախսվել: Հիմա կոռեկտ չենք համարում թվի մասին խոսել, որովհետև հովանավորող կողմն էլ, կներեք արտահայտությանս համար, քաշվել է այս ամենի արդյունքում: Կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որ իրենց դեմքը փրկեն, որովհետև տապալեցին ամբողջական պրոցեսը, երկիր ներկայացնելը, արվեստ ներկայացնելը, հայրենիք ներկայացնելը: Մենք մի լոզունգ ենք մշակել՝ հայրենիք նման կերպ չեն ներկայացնում»,- շեշտեց Սերո Սողոմոնյանը:
Նուռն ընդգծեց՝ երկիրը ճգնաժամային վիճակում է, որովհետև այսպես է ներկայացվում աշխարհին. «Եթե երկիրը ճգնաժամի մեջ է, թող դրա մասին մտածեն, ոչ թե աշխարհին այս կերպ ներկայացնեն: Մենք այնպիսին չենք, ինչպես այնտեղ ներկայացվեց, մենք դատարկ ու ոչ մի բան չունեցող երկիր չենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում