Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես:
Բազպանը պատարագիչ հոգևորականի զգեստի մաս է: Այն կերպասե թևնոց է, որ կրում է հոգևորականը իր աջ և ձախ ձեռքերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Բազպանը կարվում է զգեստի կտորից, յուրաքանչյուրի վրա մեկական խաչով:
Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը: