
«Բաքուն նոր գործարք է առաջարկում Փաշինյանին. նա Ալիևի թութակի նվաստացուցիչ դերն է կատարում». Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այն կարծիքին է, որ Հայաստանում դաշնակցային հարաբերությունների ադեկվատ ընկալում չկա:
«Հայաստանի քաղաքական համակարգն այս առումով բավականին տկար վիճակում է գտնվում՝ մտածողության իմաստով, որովհետև մենք ոչ թե դաշնակիցներ ենք փնտրում, այլ տերեր: Իսկ եթե դու նման ձևով ես դաշնակցային հարաբերությունները պատկերացնում, ապա խոշոր գործարքներում զոհի կարգավիճակ ես ունենալու: Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատ վաղուց տրամաբանության կանոնիզացիայի չեն ենթարկվում: Հատկապես ԱՄՆ ընտրություններից հետո ցանկացած ողջամիտ իշխանություն կփորձեր տոքսիկ բաղադրիչը հայ ռուսական հարաբերություններից շատ արագ վերացնել, բայց Նիկոլ Փաշինյանը հակառակ ընթացի մեջ է:
Հերիք չէ, որ նա գիտակցում է՝ Արևմուտքում կորցնում է իր նեոլիբերալ տերերին կամ նրանց աջակցությունը, որովհետև այդ մարդիկ աստիճանաբար դուրս են մղվում իրենց երկրների իշխանությունից, նա չի փորձում տարածաշրջանում գոնե բալանսավորված քաղաքականություն վարել, հիմա էլ փորձում է Էրդողանի և Ալիևի կոշիկները լիզելով՝ գործարքի գնալ թուրքական անվտանգային հովանոցի ներքո»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա այս համատեքստով է բացատրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու՝ Փաշինյանի հայտարարությունը. «Տպավորություն է, որ Փաշինյանի համար կարևոր է երկու բան՝ մի կողմից՝ խաղաղեցնել Ալիևին, որպեսզի հանկարծ նախընտրական տարում էսկալացիաներ չլինեն, երկրորդ՝ հասարակությանն ադապտացնել նվաստացուցիչ մի ընկալման, որ եթե Սահմանադրությունը չփոխեն՝ ցլերը մեզ կհոշոտեն, ինչպես մեկ տարի առաջ այս օրերին Հանրային ռադիոյում էր հայտարարել:
Վաղուց ձանձրալի է լսել Փաշինյանի ուղերձները, ասուլիսները, հարցազրույցները, որովհետև սովորաբար փորձագետներն առաջին ձեռքից են սիրում տեղեկատվություն ստանալ, իսկ այս պարագայում առաջին ձեռքն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք պարզ ճանապարհային քարտեզը նկարագրում են: Պետք է սովորենք թութակին լսելու փոխարեն՝ լսել այն մարդուն, որը թութակին խոսեցնում է:
Փաշինյանն Ալիևի թութակի նվաստացուցիչ դերն է կատարում, և ընդհանրապես, մենք ազգային հատկանիշ ունեցող իշխանություն չունենք: Ունենք Փաշինյան՝ Ալիևի փոխանորդի կարգավիճակով, և մեր հասարակությունը պետք է իմանա, որ եթե աջակցում է Փաշինյանին կամ ՔՊ-ին, ինքն աջակցում է ադրբեջանական ենթապետություն դառնալու հեռանկարին: Երկրորդ՝ մարդ է խոսում գաղափարախոսության մասին, որն իզմ-երի մերժման ջատագովն էր: Երրորդ՝ ես ուզում եմ հիշեցնել՝ դեմոկրատական երկրները վերևից պարտադրված ազգային գաղափարախոսություն չեն ունենում. Վերևից պարտադրված ազգային գաղափարախոսություն ունենում են ավտորիտար կամ իդեոլոգիկ երկրները»:
Ըստ նրա՝ ընդդիմությունը պետք է կարողանա հասարակությանը մատչելի ձևով ռեալիստական դիրքերից բացատրել, որ «Նիկոլ Փաշինյանը ոչ թե խաղաղության, այլ նվաստացուցիչ պարտության, պատերազմի, ազգային ողբերգության սիմվոլն է»: Նրա խոսքով՝ ընդդիմությունը դա չկարողացավ անել 2021թ., որովհետև սխալ մեկնակետերով էր մտել նախընտրական արշավ. «Ընդդիմության կողմից քարկոծվում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը թե՛ այդ ժամանակ, թե՛ հիմա միակ փաստաթուղթն է, որն ինստիտուցիոնալ առումով հնարավոր է դարձնում թեկուզ փխրուն խաղաղություն»:
Անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հայտարարությանը, թե «նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած», Սուրեն Սուրենյանցն ասաց, որ սովորաբար պոլիտկոռեկտությունը պահպանում է, երբ խոսքն օտարերկրյա դիվանագետների մասին է, բայց քանի որ դեսպանն ինքը պոլիտկոռեկտությունը չի պահպանել և ստախոս է անվանել բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախի կործանումը կապում են պրահյան հայտնի քառակողմ հայտարարության հետ, ապա ինքը ստախոսություն է անվանում դեսպանի պնդումը:
«Գիտե՞ք՝ երբ Նիկոլ Փաշինյանը խմբագրում է պատմությունը, պատերազմ է հայտարարում պատմությանը, բանականությանը, բարոյականությանը, սա հասկանալի է, որովհետև գիտակցված, սառնասիրտ, ցինիկ քաղաքականությամբ նա գնացել է Արցախի կործանմանը և հիմա փորձում է իր ճակատից մաքրել այդ խարանը, հորինում է լեգենդներ, որ՝ 1994թ. Արցախը տրված էր, բայց չգիտես՝ ինչու, Ալիևը ջանասիրաբար ձգտում էր Իջևանի պրովինցիալ միջավայրում ծնված մեկից ստանալ այդ նվերը, դա Նիկոլ Փաշինյանի պարագայում հասկանալի է: Հիմա շատերը կարող են մտածել, որ Ֆրանսիայի դեսպանը փրկում է Նիկոլ Փաշինյանի դեմքը՝ գրեթե նրա թեզերը կրկնելով, բայց այդքան միամիտ չլինենք, Ֆրանսիայի դարդուցավը Նիկոլը չի. փրկում է իր նախագահի դեմքը, որովհետև Մակրոնը համարվում է պրահյան տխրահռչակ հայտարարության քաղաքական կնքահայրերից մեկը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին՝ Սուրեն Սուրենյանցն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները պատմական մինիմումի հասցնելով՝ Նիկոլ Փաշինյանն ուղղակի բացառիկ նվեր է մատուցում Բաքվի կառավարչին»:
Թեպետ Ալիևն ու Փաշինյանը նշել էին, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը՝ սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային, Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահն ասել է, թե երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ՝ ՀՀ սահմանադրության մասին է:
Սուրեն Սուրենյանցը նկատեց՝ Ասկերովը չէր կարող առանց Ալիևի թելադրության՝ նման հայտարարություն անել. «Ադրբեջանն Ասկերովի բերանով Փաշինյանին նոր գործարք է առաջարկում՝ խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց: Այլ խոսքով՝ պարզ ակնարկում է, որ պատրաստ է Փաշինյանի բաղձալի թղթի կտորը շպրտել նրան, եթե ստանան միջանցքի հարցում բավարար զիջումներ»:
Հարցին՝ եթե Փաշինյանը պատրաստ է անխոչընդոտ ճանապարհ տալ, դա բավարար զիջում չէ՞, նա պատասխանեց՝ Հայաստանից, թերևս, գրավոր պատասխան են ակնկալում. «Ալեն Սիմոնյանի ասածն ուղղակի երազանք էր Բաքվի համար, որովհետև նա խոսում էր չբացվող բեռների մասին: Նա նկարագրում էր ռեժիմ, որտեղ բացակայելու է մաքսային, անցագրային, սահմանային վերահսկողությունը, այսինքն՝ դասական միջանցքի մասին էր խոսում: Հետո փորձեցին խմբագրել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում