«Էլ ինչ պետք է արվի ազգակործան իշխանության կողմից, որպեսզի ուշքի գաք, հա’յ ժողովուրդ…». Մախսուդյան

Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք մինչև նոյեմբերի 9-ը, պատերազմի 44 օրերի ընթացքում, ավելի քիչ բան ենք կորցրել, քան նոյեմբերի 9-ից հետո, երբ ստորագրվել է կապիտուլյացիոն պայմանագիրը: 44-օրյա պատերազմում դաժան էր ամեն ինչ, թանկագին զոհեր տվեցինք, տարածքներ կորցրեցինք, բայց կռվում էինք, մտածելով, որ ամեն ինչ հետ կբերենք, այնինչ վաղուց արդեն կանխորոշված էր մեր ճակատագիրը։

Երբ պայքարի ոգին կորչում է, համաձայնվում ես ամեն ինչի հետ։ Թշնամին ուզում է մենք բանակ չունենանք, մենք կործանում ենք բանակը, քանդում ենք, վարկաբեկում ենք, կադրային ջարդ ենք կազմակերպում, նշանակում ենք ոչ բանիմաց կադրեր։ Այստեղից հետևություն, որ սրանց համար ոչինչ կարևոր չէ, կարևորը տարծքներ զիջելն ու գեներալի ուսադիրներ ստանալն է։

Ադրբեջանն ու Թուրքիան նոր պայմաններ են առաջ քաշում՝ սահմանադրության փոփոխություն, միջանցք, հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում… Ախորժակը ուտելիս է բացվում, իսկ մերոնք անում են այն ամենը, ինչ պահանջվում է իրենցից, միայն թե մնան աթոռներին կառչած։

Սիրելի՛ հայ ժողովուրդ, ես պայքարս շարունակելու եմ, որովհետև վտանգված է մեր պետականությունն ու անկախությունը։ Ուստի կոչ եմ անում բոլոր այն ընկերներին, ովքեր պատրաստ են դուրս գալ փողոց և շարունակել պայքարն ինձ հետ, խնդրում եմ տարածե՛ք։

Եթե ո՛չ, դուք գիտեք՝ ինչ անել, որովհետև ավելի լավ է ունենալ հարյուր մաքուր ընկեր, քան երկու հազար ուղղակի ընկեր։

Ես միայն չեմ կարողանում հասկանալ այն անտարբեր մարդկանց, որոնք ուղղակի ոչինչ չեն նկատում կամ չեն ուզում նկատել։ Էլ ինչ պետք է արվի ազգակործան իշխանության կողմից, որպեսզի ուշքի գաք, հա’յ ժողովուրդ…»։

Տեսանյութեր

Լրահոս