
«Անահիտ»-ն ընդգրկվել է «Քարե հսկաների լեգենդները» եվրասիական հեքիաթների ժողովածուում

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Քարե հսկաների լեգենդները» եվրասիական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ գրքում ներկայացված է ԱՊՀ երկրների ժողովուրդների մեկական հեքիաթ` ինչպես ռուսերենով, այնպես էլ տվյալ ժողովրդի մայրենի լեզվով։
Թարգմանությունները կատարվել են լեզվաբանական համալսարանի դասախոսների կողմից, եւ ժողովածուի բոլոր հեքիաթները ունեն թեմատիկ ընդհանրություն` լեռները։
Շնորհանդեսի ժամանակ ունեցած բացման խոսքում համալսարանի միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն Օլգա Եգորովան նշեց, որ հենց լեռներն են պահպանում ազգային արժեքները, հենց լեռներում է, որ մարդը գտնում է բոլոր հարցերի պատասխանները, և իզուր չէ, որ ժողովուրդները լեռներին են վերագրել լեգենդները։
«Թարգմանությունն այն տարածությունն է, որ միացնում է ազգերին։ Իսկ բոլոր ազգերի հեքիաթներում էլ բարին հաղթում է չարին։ Ու քանի որ այսօրվա երեխաները վաղվա հասարակությունն են, շատ կարևոր է, թե ինչ է մատուցվում նրանց։ Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,-նշել է բանախոսը։
Հայկական ժողովրդական հեքիաթներից ժողովածուում ընդգրկվել է «Անահիտ»-ը` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի ու մշակույթի կենտրոնի թարգմանությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմինե Մարտիրոսյանը, բարձր գնահատելով նախաձեռնության արդյունավետությունը, նշեց, որ խնդիր էր դրված ներկայացնելու ԱՊՀ երկրների մշակույթը նոր ժամանակներում։
«Թարգմանության մեջ դժվարություն ներկայացնողը հիմնականում դարձվածքներն ու ժողովրդին հատուկ բարբառային արտահայտությունների իմաստային նրբություններն են։ Բայց ուրախ եմ, որ հենց «Անահիտ»-ն էր ընտրված, որովհետև այն մեծ դաստիարակչական ուժ ունի և լավագույնս բնութագրում է հայ ժողովրդին»,- ասաց նա` ընդգծելով նախագծի շարունակականության կարեւորությունը։
Գիրքը լույս է տեսել հազար տպաքանակով։