
«Մեկ ամիս է՝ խնդիրները ներկայացնում ենք, չի՞ տեսնում, նոր պետք է քննարկի, հասկանա՞. սրանք մարդուն դրդում են գողության». Կարինե Գևորգյան

Նիկոլ Փաշինյանը գործարար համայնքի ներկայացուցիչներին ապրիլին հրավիրում է աշխատաժողովի։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ովքեր կարող են մասնակցել աշխատաժողովին և մինչև երբ կարող են մասնակցության հայտ ներկայացնել։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, աշխատաժողովին կարող են մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարները, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:
«Հրավիրում եմ նաև գործարար, այդ թվում՝ ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսվարող Կարինե Գևորգյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած որևէ աշխատաժողովից ակնկալիքներ չունեն, սակայն ՓՄՁ ասոցիացիան հավանաբար կմասնակցի։
«Ես չեմ հասկանում, մենք արդեն մեկ ամիս է՝ հավաքվում, խնդիրները ներկայացնում ենք, չի՞ տեսնում, նոր պետք է քննարկի, հասկանա՞։ Կապրենք՝ կտեսնենք, թե ինչ է ուզում անել։
Մենք մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք, այսօր մարդիկ ասում են՝ բա ի՞նչ ենք անելու, ո՞նց է լինելու մեր վիճակը։ Ինքնաբուխ ակցիաները շարունակելու ենք, պետք է ուղղակի որոշենք ու միասին մի օր բոլորով դուրս գանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Գևորգյանը։
Նա նաև ընդգծեց՝ եթե ՓՄՁ ասոցիացիան չմասնակցի, ապա փոքր և միջին ձեռներեցները կխնդրեն, որ մասնակցի, որպեսզի իրենց շահերը ներկայացնի։
«Մանրածախ առևտրից արդեն շատ բողոքներ կան, հատկապես՝ շրջաններից։ Օրինակ, շրջանում խանութ կա, որ ասում է՝ 75.000 գումար եմ աշխատել, բայց ամսական հարկս կազմում է 148.000 դրամ, հիմա որտեղի՞ց տամ։
Սրանք մարդուն դրդում են գողության, մարդն ապրելու համար աշխատում է, բայց խանգարում են, այդ մարդուն ի՞նչ է մնում անի՝ գնա գողություն անի՞»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ իրենց իրականացրած բողոքի ակցիաներից հետո Նիկոլ Փաշինյանն իրենց երբևէ չի ընդունել։
«Միայն մեկնաբանում են, թե մեր բողոքները հիմնավորված չեն, բայց մենք հո գիտե՞նք, որ գույքագրումն իրենից մեծ վնաս է ներկայացնում։ Շատերը չգիտեն՝ սրա տակ ինչ վտանգ կա, մարդկանց ուղղակի կործանում են, էլի»,- նշեց Կարինե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ այս տարվա հունվարից շրջանառության հարկը կրկնակի բարձրացել է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս, ինչն առաջացրել է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների զայրույթը։ Նրանք հայտարարում են, որ նման բարձր հարկատեսակով հնարավոր չէ աշխատել։ Տևական ժամանակ բողոքի ակցիաներ իրականացրեցին, պահանջելով, որպեսզի օրենքը կասեցվի, սակայն մինչև այս պահը որևէ փոփոխություն չկա։