
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Եվրոպային կոչ է արել ուժեղացնել իր կշիռը ՆԱՏՕ-ում և այն վերցնել վերահսկողության ներքո

Եվրոպայի երկրները պետք է իրենց վերահսկողության տակ վերցնեն Հյուսիսատլանտյան դաշինքը՝ զգալիորեն ուժեղացնելով իրենց ազդեցությունը դրանում։ Այս մասին France Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Այժմ հարմար ժամանակն է ՆԱՏՕ-ում Եվրոպայի կշիռն ամրապնդելու համար: Դա նշանակում է ուժեղացում ռազմավարական հարցերում, բայց նաև տեսլականի փոփոխություն. այժմ մեզ համար եկել է ժամանակը վերցնելու վերահսկողությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ», – ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է զարգացնի իր սեփական պաշտպանական ներուժը։
«Անհրաժեշտ է եվրոպականացնել դաշինքը, որը մինչ այժմ եղել է կարծես մի ակումբ ԱՄՆ-ի հովանու ներքո, որը տասնամյակներով մեզ հնարավորություն է ընձեռել ապրելու անհոգության մեջ։ Այժմ իրավիճակը փոխվել է», – ընդգծել է Բարոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Դեռևս իր ընտրվելուց առաջ նա սպառնացել էր դուրս բերել ԱՄՆ-ն Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերներն ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն չստանձնեն սեփական անվտանգության համար: