![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը. Զելենսկի
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/imgonline-com-ua-Resize-7xwjpL2vrG.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թույլ չի տվել ուկրաինացի նախարարներին ստորագրել հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն դեռ պատրաստ չէ և չի պաշտպանում Ուկրաինայի շահերը։
«Պայմանագրերը ստորագրվում են նախարարների մակարդակով, բայց ես նախագահն եմ և ազդեցություն եմ ունենալու այս փաստաթղթի որակի վրա, ուստի թույլ չեմ տա նախարարներին ստորագրել համապատասխան համաձայնագիրը. այն դեռ պատրաստ չէ պաշտպանել մեր շահերը»,- ասել է Զելենսկին Մյունխենի համաժողովին մասնակցելուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի, եթե այն պատրաստ լինի և եթե լինեն անվտանգության երաշխիքներ։
Նախագահը հավելել է, որ շատ կարևոր է խոսել Ուկրաինայում ներդրումների մասին, և դա պետք է իրավաբանորեն ճիշտ գրվի։
Փետրվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան «ըստ էության համաձայնել է» հազվագյուտ հողային օգտակար հանածոներ փոխանցել ԱՄՆ-ին՝ որպես Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության վճար։
«Ես նրանց ասացի, որ ուզում եմ 500 միլիարդ դոլարին համարժեք հազվագյուտ մետաղներ, և նրանք ընդհանուր առմամբ համաձայնեցին դա անել: Այնպես որ, մենք գոնե մեզ հիմար չենք զգա։ Հակառակ դեպքում մենք հիմար ենք»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Թրամփն ընդգծել էր, որ ծրագրում է համաձայնագիր կնքել Կիևի հետ, ըստ որի ամերիկյան օգնությունը կվճարվի հազվագյուտ հողային մետաղներով։ Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ պատրաստ է գործարքի գնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց։
Ուկրաինական Forbes ամսագրի տվյալներով՝ 2023 թվականի ապրիլի դրությամբ Ուկրաինայի հանքային պաշարների ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 15 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, օգտակար հանածոների պաշարների ավելի քան 70%-ը գտնվում է Ռուսաստանի կազմի մեջ մտնող ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզում:
2025 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել հանքարդյունաբերության ոլորտում գործընկերության համաձայնագրի նախնական փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպման արդյունքներով։
«Մենք խոսեցինք օգտակար հանածոների մասին… Ես գիտեմ, որ մեր թիմին տրվել է մեր երկրների միջև գործընկերության վերաբերյալ այս համապատասխան փաստաթղթի առաջին նախագիծը։ Ես իսկապես ցանկանում եմ, որ մեր թիմն աշխատի այս փաստաթղթով: Մենք այսօր ստացանք այս փաստաթուղթը, մենք… կանենք ամեն ինչ, որպեսզի մեր թիմերն իսկապես արագ համաձայնության գան և ստորագրեն այս փաստաթուղթը»,- նշել էր Զելենսկին։