Ալիևը հստակ հսկում է հայաստանյան ներքաղաքական կյանքն ու անցուդարձը և ձեռքը պահում զարկերակին. նա ամեն ինչ անում է, որ Նիկոլի իշխանությունը ոչ մի կերպ չվնասվի. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք՝ «Արցախի հանձնում», «բանակցությունների տապալում», «պետականության քանդում»։

Այս երեք տերմինը բավարար է, որպեսզի տվյալ անձը ցույց տա իր իրական դեմքը։ Նշածս երեք տերմիններն էլ երեկ հնչեցին ԱԺ դահլիճում, դե իսկ ի՞նչ եղավ հետո՝ տեսանք բոլորս․ գոռգոռոց, հիստերիկ պահվածք, անադեկվատ շարժումներ, հոգեկան մոլագարության դրսևորումներ։

Հիմա ըստ էության․ տևական ժամանակ է Նիկոլն անընդհատ հայտարարում է, թե «Արցախի հարցի այլ լուծման տարբերակ չկար և միշտ էլ բանակցվել է այն Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ» և նշում, թե թող երեք նագահաները գան այս հարցի վերաբերյալ բանվեճի՝ թեկուզ ուղիղ եթերում։ Երեկ էլ ընդգծեց, թե՝ «որ շատ ուզենային ուրիշ բան բանակցել, չէին կարող, իրենց թույլ չէին տա»։

Այս առիթով նախկին երեք նախագահներն էլ հայտարարել են, որ Նիկոլը հրապարակի Արցախի բանակցային գործընթացի մասին գոյություն ունեցող բանակցային փաստաթղթերը, որոնք գաղտնի գրիֆով են։ Սրան ի պատասխան Նիկոլն ասում է, թե «հեն ա՝ ամերիկացիք հրապարակեցին», հետո շարունակում, թե՝ «ներկայումս գույքագրում ենք առկա բոլոր փաթեթները և առաջիկայում կհանրայնացնենք»։

Յուրաքանչյուր բանական մարդու մոտ լեգիտիմ հարց է առաջանում․ ինչո՞ւ Նիկոլը չի հրապարակում բանակցային կարևոր նյուանսներ պարունակող փաստաթղթերը, եթե իր ասած պնդումները ճիշտ են, քանի որ դրանք հանրայանցնելուց հետո հանրությունը կտեսնի, որ ինքը ճիշտ է։ Ավելին, ես մի վայրկյան կասկած չունեմ, որ նա դա կաներ իր իշխանության գալու հենց հաջորդ օրը:

Տեսեք՝ երեկ Նիկոլն ի՞նչ բառախաղեր է անում և ի՞նչ ասում․ նա հպարտ հայտարարում է, թե՝ «ես 2019-ին ոչ մի բան չեմ բանակցել, այդ ժամանակ սեղանին դրված փաստաթղթի վրա գրված է եղել «ՀՀ նախագահ և Ադրբեջանի նախագահ» բառերը, բա ես ՀՀ նախագա՞հն եմ»։

Միանգամից հիշեցի Հանրայինում 2020-ին տրված իր հարցազրույցը, երբ հայտարարում էր, թե՝ «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»։

Ակնհայտ է, որ գործ ունենք հերթական միմոսության հետ, երբ նա փորձում է բուն թեման շեղել, քանի որ հասկանում է, որ առաջին հերթին դա հենց իր ամոթն է, որովհետև այդ փաստաթղթերը հանրայնացնելուց հետո բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես է Նիկոլն իր ապաշնորհության ու տգիտության պատճառով, ամբողջովին փակուղի մտցրել և ձախողել ողջ բանակցային գործընթացը, ինչի արդյունքում այսօր ունենք նման ողբերգական ու ողորմելի իրավիճակ:

Ի դեպ, այստեղ առկա է նաև երկրորդ, շատ առանցքային, հանգամանք ևս, որը ոչ պակաս է, քան իր խայտառակ լինելը․խոսքը Ալիևի գործոնի մասին է։ Նման կերպ մանևրելով Նիկոլը փորձում է խայտառակությունից փրկել նաև Ալիևին, քանի որ այդ փաստերի հրապարակումից հետո բոլորը պետք է տեսնեն, թե ինչպես են հայ և որդի Ալիևները գլուխները կախ 20 և ավել տարի բանակցել Արցախին կարգավիճակ տալու, այն հայկական վերահսկողության հանձնելու և Արցախին ինքնորոշում տալու շուրջ։

Այլ կերպ ասած՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ-Ալիև տանդեմը, որը ձևավորվել է արդեն 7 տարի, փայլուն աշխատում է համայն հայության դեմ և ընդդիմության ցանկացած նման հարցադրում, ունենում է նմանօրինակ տեսարանային պատասխաններ։

Ավելին՝ Ալիևը հստակ հսկում է հայաստանյան ներքաղաքական կյանքն ու անցուդարձը և ձեռքը պահում զարկերակին. նա ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի իշխանությունը ոչ մի կերպ չվնասվի: Ի դեպ, Ալիևը դա նաև անում է հայ ազգի մոտ «ուժեղի» կերպարում մնալու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս