Հայկո Բաղդադ․ «Թուրքիայում եթե մտածեն, որ սահմանի բացումը կնպաստի տնտեսությանը, 5 րոպեից կբացեն»
Ermenihaber.am-ը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք hանձնում տարասեռ տեսակետներ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը պոլսահայ մտավորական, գրող, լրագրող Հայկո Բաղդատն է։
Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայկո Բաղդատին ստիպել են լքել իր ծննդավայր Թուրքիան ու բնակություն հաստատել Գերմանիայում։ Նրա նկատմամբ հետապնդումներն ու նրա դեմ հնչեցվող սպառնալիքներն արդեն 2016-ին Թուրքիայում չափազանց վտանգավոր բնույթ էին ստացել։ Հայկո Բաղդատը, որպես մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ընդունման, ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։
— Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսվեց կարգավորման գործընթաց: Երկկողմ հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։
— Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը, երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, ցեղասպանության հարցը շատ երկար ժամանակ շարունակվող քննարկումներ են։ Սա այնպիսի հարց է, որը սպանված Հրանտ Դինքի հետևորդ հայ լրագրողները, հայ քաղաքացիական ակտիվիստները և հայ քաղաքական գործիչները միշտ սատարել են։ Իհարկե, կարգավորումը պետք է ունենա ինչ-որ երկխոսություն և նպատակ։ Անշուշտ, մենք բոլորս երազում ենք մի աշխարհի մասին, որտեղ մարդիկ իրենց ավելի հանգիստ և ապահով կզգան, որտեղ զենքն այլևս չի անհանգստացնի մարդկանց: Բայց․․․ չեմ ցանկանում նախադասությունը սկսել բայց-ով, երկխոսության դիմաց չեմ ցանկանում բայց-ով սկսվող նախադասություն կազմել:
Բայց իրականում կարելի՞ է արդյոք թույլ տալ Հայաստանի պետական կարգավիճակին սպառնացող, Թալեաթ փաշայի պաստառներով ու Թալեաթ փաշայի զինանշաններով հայ ժողովրդին նոր ցեղասպանություն վերապրել ստիպող, հետևյալ զգացումը մեզ պատճառող՝ «Աշխարհի բոլոր երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ օգուտ է տվել այն։ Այսինքն դա Հայկական սփյուռքն ու հայկական դիվանագիտությունը չե՞ն։ Ամերիկան նույնիսկ ասաց ցեղասպանություն, Գերմանիան արդեն իսկ ասել էր, ի՞նչ եղավ ցեղասպանությունն ընդունելով», ցեղասպանության հեղինակ համարվող քաղաքական գծին, որ դեռ գոյություն ունի, նորից շարունակի կոտորել նույն ժողովրդին։
Եթե «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցությունը գա իշխանության, այսօր Գերմանիան հնարավո՞ր է, որ նորից հարձակվի Իսրայելի վրա։ Հնարավո՞ր է, որ հրեաներին նորից սպառնա։ Ցեղասպանությունը մեծ հանցագործություն չէ՞։ Այդ պատճառով չէ՞, որ խորհրդարաններում այն ընդունվել է։ Սա մեզ ցույց տվեց, որ ոչ մի արդյունք չկա, և արդեն Հայաստանի ներսում գոյության պայքար է գնում։ Դա իսկապես նույնն է, ինչպես, որ խոսել էինք քրդերի մասին: Տարածաշրջանի փոփոխվող իրավիճակում, իրար մեջ կիսելու նոր պատերազմներում, որոնք փոփոխվում են, Ուկրաինայում, Կովկասում, Մերձավոր Արևելքում, ոչ ոք ապահով չէ։ Թուրքիան նույնպես անվտանգ չէ։ Սահմանների ընդլայնման երազանքը նախկինում թանկ էր նստել Թուրքիայի վրա։ Ուստի, լավ գաղափար է թվում Հայաստանի՝ ինչ-որ կայուն կետի շուրջ համաձայնության հասնելը։ Չեմ ուզում դրսից խոսել։ Սա ամենից լավ գիտի հայ ժողովուրդը։ Հայաստանի և այնտեղի ապրողների պատասխանը ամենակարևոր պատասխանն է։ Բայց երբ դրսից նայենք, այո, կարգավորումը, եթե հնարավոր է նաև խաղաղության շրջանը, որտեղ կվերացվի պատերազմի վտանգը, վերականգնման շրջանը լավ կազդի բոլորի վրա։ Ինչպիսի՞ն է լինելու սրա ընթացակարգը։ Կտեսնենք։ Այսինքն՝ մեր դիմաց կանգնած է շատ ագրեսիվ և ծավալապաշտ թուրքական պետություն։
— Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։
— Այսօր Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հինգ հոդվածից բաղկացած որոշում է հրապարկել, որը համարվում է որպես Թուրքիայի կարմիր գիրք և հայտարարվում է հինգ տարին մեկ, ըստ այդմ որոշվելու է, թե Թուրքիան ինչ քաղաքականություն է վարելու առաջիկա հինգ տարիներին, պետությունն ինչպիսի քաղաքականություն է վարելու, ովքեր են սպառնալիք հանդիսանում և որ շրջաններում ինչ գործողություններ են անելու։ Սա ներառում է Սիրիան և այլ հարցեր. Գյուլենական համայնքի հարցում պայքարելու որոշում կա, սակայն Հայկական հարցը չկա։ Ինչպես գիտեք, Հայկական հարցը երկար ժամանակ եղել է Ազգային անվտանգության խորհրդի որոշումներում ամենամեծ սպառնալիքներից մեկը։
Այսօր Թուրքիան վարում է այնպիսի քաղաքականություն վարում, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ թուրքական պետությունը, որն արդեն ձեռք է բարձրացրել, էլ ավելի է ստիպելու Հայաստանին, քանի դեռ նրան չի հաջողվել վերջինիս ծնկի բերել։
Նրանք փնտրում են վերջնական լուծում, որը կկարողանան հանել օրակարգից և օրացույցից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հարցը, որը կրկին որպես խնդիր է ի հայտ եկել բազմաթիվ ոլորտներում։ Դրա համար էլ ավելի են ճնշում Հայաստանին, որ ծնկի գա նրանց առջև, քանի որ գիտեն, որ ծանր վիճակում է։ Այս պահին իրավիճակը դա է։ Հակառակ դեպքում այլևս չի մնացել որևէ պատրվակ, որի շուրջ կարելի է համաձայնության գալ։ Գրեթե արդեն մի գրչի հարված է պակաս։ Թե Հայաստան պետությունը, և թե՛ թուրքական պետությունը, չնայած Ադրբեջանի ագրեսիվությանը, կարծես թե պատրաստ են համաձայնության գալ ինչ-որ կետում։
— Ի՞նչ եք կարծում, առաջիկայում սահմանները կբացվե՞ն։
— Էրդողանի կառավարությունը բոլոր իրադարձությունները գնահատում է հնարավորությունների և շինարարության աչքերով: Եթե մտածեն, որ այդ սահմանների բացումը զգալիորեն կնպաստի Թուրքիայի տնտեսությանը, որն առանց այդ էլ շատ ծանր վիճակում է, շինարարության ոլորտում, արտահանման ու ներմուծման մասնաբաժնի մեջ, ապա անմիջապես՝ հինգ րոպեների ընթացքում, կբացեն։ Եթե խնդիրներն ավարտվեն, և Թուրքիան դրանից փող աշխատի, եթե Էրդողանն ու նրա շինարարները նոր աշխատատեղեր ստանան, եթե նրանք հնարավորություն գտնեն կառուցելու նոր օդանավակայաններ, նոր մայրուղիներ, նոր շենքեր ու, եթե այդ սահմանային անցակետը շահավետ դառնա Թուրքիայում բուրժուազիայի համար, նրանք այն կբացեն հինգ րոպեների ընթացքում: