Այս ամբողջ պատմությունը կտրուկ հակասության մեջ է գլխավոր թեզի հետ, թե եղել է պայմանավորված խաղ․ Ինչո՞ւ է Վահան Քերոբյանը դիմել ՄԻԵԴ

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հերթական դատական նիստից հետո նախկին նախարարը թեև հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող գործի առնչությամբ 168am-ի հարցերին՝ նկատելով, որ ավելի ուշ ու առավել հանգամանալից կխոսի, սակայն մի քանի հարցի պատասխանեց նրա պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը։

Վահան Քերոբյանի փաստաբանը, մասնավորապես, նշեց՝ ՄԻԵԴ-ից ակնկալում են իրենց գանգատների բավարարում, ապա մանրամասնեց․

«Դրանք վերաբերում են խափանման միջոցի հարցին և խափանման միջոցի շրջանակներում դրսևորված վերաբերմունքին, որոնք մենք դիտարկել ենք մարդկային վերաբերմունքի՝ կոնվենցիայով սահմանված ստանդարտներին չհամապատասխանող, ինչպես նաև՝ կալանքի հիմնավորվածության հարցին»։

Նշենք, որ սույն գործով շարունակվում է ապացույցների հետազոտման փուլը, իսկ այսօր հերթական նիստի ավարտին Վահան Քերոբյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նկատելով, որ հրապարակվող խոսակցությունները ցույց են տալիս, որ «Սիներջի» ընկերության հետ որևէ պայմանավորվածություն չի եղել։

«Այսինքն՝ այս ամբողջ պատմությունը կտրուկ հակասության մեջ է գլխավոր թեզի հետ, որ եղել է պայմանավորված խաղ»,- շեշտեց նախկին նախարարը։

Այս համատեքստում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե Վահան Քերոբյանն իր խոսքում նշեց, որ ամենևին պայմանավորվածություններ չեն եղել, սակայն դատախազը ևս աննահանջ է, Տիգրան Եգորյանը նկատեց․

«Այժմ, կարծում եմ, դատախազությունն այն փակուղում է, որտեղ ինքն իր դեմ չի կարող պայքարել, և ստիպված է լինելու բոլոր անհնար ու հնարավոր միջոցներով, նույնիսկ սևով սպիտակի վրա գրվածն այլ կերպ խեղելով՝ մեկնաբանել»։

Գործում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք՝ մեր վերջին հարցադրմանն ի պատասխան էլ՝ փաստաբանը նշեց․

«Պնդումները, որոնք կատարել եմ իմ առաջին ու երկրորդ ասուլիսներով, պահպանվում են․ ուղղակի քաղաքականը պետք է ճիշտ ընկալել՝ ոչ թե հասարակության մեջ տարածված ընկալման իմաստով, այլ համապատասխան Եվրոպայի խորհրդի և եվրոպական դատարանի կողմից արտահայտված իմաստներով։

Դրանք, անպայման չէ՝ ինչ-որ մեկի հանձնարարությունը լինեն՝ ասենք, օրինակ, բարձրագույն իշխանության, դրանք կարող են համակարգի ներսում ձևավորվող մրցակցության և հակազդեցության բերումով լինել»։

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։

Ըստ Քննչականի՝ 2023-ին Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Մինչդեռ, ինքը՝ Քերոբյանը, չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։

8 մեղադրյալներից 6-ի դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1-ն արդարացվել է, 5-ն ընդունել են մեղքն ու զղջացել, այդ թվում՝ «Սիներջի»-ի նախկին աշխատակից, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը և էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։

Քերոբյանից բացի, քրեական հետապնդումը շարունակվում է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս