Իրանն ու ՌԴ-ն մինչև մարտ պայմանագիր կստորագրեն Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Դուք գիտեք, որ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի շրջանակներում ամենակարևոր հարցը Ռաշթ-Աստարա հատվածի երկաթուղու կառուցումն է։ Ռուսաստանի և Իրանի տրանսպորտի նախարարները վերջին երեք ամսվա ընթացքում բազմիցս խորհրդակցություններ են անցկացրել այս նախագծի վերաբերյալ: Նրանք շատ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Նախարարները պայմանավորվել են այդ նախագծի իրականացման մասին գործադիր պայմանագիր ստորագրել մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը»,-ասել է իրանցի դիվանագետը։
Նա հույս է հայտնել, որ ստորագրումից անմիջապես հետո կսկսվեն այդ նախագծի իրականացման առաջին գործնական քայլերը:
«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ: Միջազգային տրանսպորտային միջանցքների երեք երթուղի գոյություն ունի․ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել Իրանի «Հյուսիս-Հարավ» արևմտյան Ռաշթ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի վերաբերյալ։
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունը մյուս երթուղիների, մասնավորապես՝ Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ այն է, որ ավելի քան երկու անգամ կրճատվում է փոխադրումների հեռավորությունը, ինչը բեռնափոխադրողներին թույլ է խնայել փոխադրման ժամանակն ու գինը։