Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով, մեղքը հաստատվելու դեպքում նրան 3-6 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ քրեական գործի հիմքում նախարարի որոշումն է, որով նա մերժել է մեկ տարով երկարաձգել պաշտպանական գնումների գործակալության տնօրեն Մարինա Բեզրուկովայի պայմանագիրը՝ նրան մեղադրելով բանակի մատակարարումների հետ կապված խնդիրների համար։

Ումերովը նաև աշխատանքից ազատել է վերահսկող խորհրդի երկու անդամների, ովքեր կողմ են քվեարկել պայմանագրի երկարաձգմանը։

Պաշտպանական գնումների գործակալություններում վերահսկիչ խորհուրդների ստեղծումը ՆԱՏՕ-ի հանձնարարականն է, որի նպատակը կառույցները արտաքին ճնշումներից զերծ պահելն է։

Ումերովը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի սեպտեմբերից՝ փոխարինելով Ալեքսեյ Ռեզնիկովին, որի անունը կապվում էր բանակի պետական գնումների հետ կապված կոռուպցիոն սկանդալների հետ։ Անցած ամիս Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները նախարար Ումերովից էլ պահանջեցին հաշվետվություն ներկայացնել բանակին մատակարարված անորակ ականների հետ կապված պնդումների առնչությամբ։

Տեսանյութեր

Լրահոս