Բանակի մասին ամենակարևորը
Բանակի օրը հեղեղվում է շնորհավորական, պաթետիկ ուղերձներով, զինված ուժերի վերաբերյալ, իհարկե, թե պրոֆեսիոնալ, բայց՝ թե նաև տարատեսակ այլ դատողություններով: Սակայն թե՛ այդ օրը, թե՛ ընդհանրապես՝ հասարակական-քաղաքական կյանքում Հայաստանի զինված ուժերի թեման չի շոշափվում մի չափազանց կարևոր, հիմնարար նշանակության ասպեկտով՝ տնտեսության պրիզմայով:
Բանակ կա, եթե կա տնտեսություն: Այդտեղ կապը պարզապես անմիջական է, ուղիղ: Իհարկե, զինված ուժերի մարտունակության հարցում չափազանց կարևոր է սպաների ու զինվորների գրագիտությունը, կարևոր է նրանց ոգին, անգամ գաղափարական, արժեհամակարգային պատրաստվածությունը: Բայց եթե այդ ամենը չի ուղեկցվում զինված ուժերի ռազմա-տեխնիկական արդիականությամբ, ապա վերածվում է պարզապես դատարկ պաթոսի սնուցման աղբյուրի:
Իսկ ինչպե՞ս է բանակը սնուցվում արդիական, ժամանակակից ռազմատեխնիկայով, նաև մարտ վարող զինվորների համար ոչ միայն արդիական սպառազինությամբ, այլ նաև մարտական հանդերձանքով, ինժեներական պաշտպանության միջոցներով: Բանակն այդ ամենով սնուցվում է տնտեսությամբ: Ընդ որում, բառի թե լայն, այսպես ասած՝ պատճառահետևանքային կապի, թե ուղիղ իմաստով:
Ի վերջո, 44-օրյա պատերազմից հետո, այդ պատերազմի պարտության՝ աչք ծակող սուբյեկտիվ պատճառների ֆոնին, այդուհանդերձ հարկ է արձանագրել նաև օբյեկտիվ իրողություններ: Ադրբեջանն իր ռազմատենչ քաղաքականությունը երկար տարիներ կառուցել է հենց տնտեսության հիմքով, նավթագազային ռեսուրսի իրացմամբ և դրա հիման վրա՝ միջազգային կապիտալի, տնտեսա-քաղաքական խոշոր շահառուների հետ գործարքներով, դրանց արդյունքը վերածելով տասնյակ-միլիարդավոր դոլարների ժամանակակից սպառազինության:
Երկրի տնտեսության գեներացրած հարկերն ապահովում են պետական ռեսուրս, որի մի մասն էլ ուղղվում է պաշտպանական կարիքներին, այլ կերպ ասած՝ բանակին: Հետևաբար, որքան բարձր է հարկեր գեներացնող տնտեսական բաղադրիչը, այսինքն՝ արտադրող, ստեղծող, արտահանման միտված տնտեսությունը, այնքան բարձր է պետության գնողունակությունը, այդ թվում՝ պաշտպանական: Եթե ուշադրության արժանացնենք միջազգային պատկերը, ապա հնարավոր է արձանագրել, որ առավել ուժեղ և մարտունակ, առավել արդիական զինված ուժեր ունեն այն երկրները, որոնք ունեն առավել արդյունաբերականացված տնտեսություն, որոնց տնտեսության մեջ գերակշռողը ոչ թե առևտուրն ու ծառայություններն են, այլ՝ արդյունաբերական հզորությունները:
Այստեղ է արդեն նաև մյուս՝ անմիջական բաղադրիչը: Հայաստանում պարբերաբար խոսվել է ռազմարդյունաբերության մասին, իսկ 44-օրյա պատերազմից հետո դրա մասին սկսեց խոսվել առավել հաճախ, այսպես ասած՝ դրա մասին խոսելը դարձավ նորաձև: Խոսելը դարձավ նորաձև, սակայն, ցավոք սրտի՝ այդ մասին խոսակցության կոմպետենտության բաղադրիչը մնաց շատ ցածր մակարդակի վրա:
Հիմնականում լաբորատոր-պիլոտային տրամաբանության ու մասշտաբի օրինակները, զանազան կոնյունկտուրային շահերից ելնելով՝ մատուցվում են իբրև ռազմարդյունաբերություն: Մինչդեռ, ռազմարդյունաբերական իրապես կարող և նվազագույն անհրաժեշտ մասշտաբ ու կայունություն ապահովող համալիր ունենալու համար, նախ պետք է ունենալ շատ ավելի պարզ արտադրական արդյունաբերական հզորություններ, տնտեսական, այսպես ասած, քաղաքացիական սեկտորի կայուն արտադրական ցիկլեր:
Իրապես ռազմարդյունաբերական համալիրը կառուցվում է այդ համակարգի վրա, որովհետև իր թե տեխնոլոգիական, թե ինժեներական բարդությամբ դա հաջորդ փուլն է:
Հնարավոր չէ չունենալ ամուր և կայուն կոնստրուկցիայով առաջին հարկ, բայց պարծենալ երկրորդ հարկը կառուցելու ծրագրերով: Դա կամ հենց պարծենկոտություն է, կամ ինքնախաբեություն:
Իսկ Հայաստանում կա արդյունաբերական տնտեսության հենց առաջին հարկը կառուցելու, ամբողջական արդյունաբերական-արտադրական ցիկլեր ձևավորելու մեծ խնդիր: Որովհետև դրա համար պետք են նաև մեծ ներդրումներ, հետևաբար՝ խոշոր ներդրողների հետ տարվող մեծ, հետևողական աշխատանք, նրանց շահագրգռելու, փոխադարձ շահեկանությամբ գաղափարներ ներկայացնելու և առաջ մղելու հմտություն, պայմանավորվածությունները հարգելու պատասխանատվություն, մշակույթ:
Իսկ ռազմարդյունաբերությունը Հայաստանի համար, անշուշտ, ունի մեծ անհրաժեշտություն, հաշվի առնելով այն լոգիստիկ բարդությունները, որ շրջապատում են Հայաստանը՝ բխելով թե աշխարհագրությունից, թե աշխարհաքաղաքականությունից:
Ընդ որում, ինչպես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, օտարերկրյա խոշոր ներդրողների հետ փոխշահավետ գործակցությունը, բացի երկրի տնտեսական ներուժի բարձրացումից, նաև ձևավորում է անվտանգության հարցերի սպասարկման, հետևաբար՝ պաշտպանվածության լրացուցիչ շերտ, օգտագործելով գործընկեր դարձած կապիտալի ազդեցությունը միջազգային հարաբերություններում: Իսկ այդ ազդեցությունն անկասկած ունի զգալի տեսակարար կշիռ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ