Պարտք տալուց պիտի ունենաք պայմանագիր, այլապես կհարկվեք. Նաիրի Սարգսյան
«Երբ պաշտոնյաներն անընդհատ խոսում են եկամուտների հայտարարագրման մասին, իրականում դա եկամտային հարկի հաշվարկ է: Նպատակն իրավական ակտով ի սկզբանե անձանց հարկումն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը՝ շեշտելով, որ ոչ թե գնալու են ֆիզիկական անձի բնակարանի դուռը թակեն և ստուգում իրականացնեն, այլ առաջին հերթին գալու են հենց լրատվականներ, հանրային գործիչների և բիզնեսմենների մոտ:
Նաիրի Սարգսյանը ողջունում է բոլոր տեսակի բոյկոտները և իրազեկումները, բայց համակարգային մոտեցման կարիք է տեսնում:
«Առաջին կեղծ թեզը իշխանությունների կողմից՝ մինչև 300 հազար դրամը չի հայտարարագրվում, և հանրային ընկալումն այնպիսին է, որ չի հարկվում: Այդպիսի բան գոյություն չունի: Հայտարարության տեքստն ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, այնուհետև խմբագրումներ կատարեցին, բայց հայտարարության մինչև 300.000-ի չհայտարարագրվող հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: Դա նշանակում է՝ նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացած դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ամենակարևոր խնդիրն այն է, թե ով է որոշում՝ մինչև 300.000 դրամը նվիրատվությո՞ւն է, պարտքով ստացված գումա՞ր է, չհարկվո՞ղ է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Նաիրի Սարգսյանի խոսքով՝ վարձու աշխատող հանդիսացող յուրաքանչյուր անձ, այսինքն՝ 700 հազարից ավելի քաղաքացի, 2025թ. ընթացքում ներկայացնելու է եկամտային հարկի տարեկան հաշվարկներ.
«Միմյանց միջև, վստահ եմ, եղել են բազմաթիվ փոխանցումներ, ընդ որում՝ շատ են դեպքերը, երբ փոխանցումները կատարվում են քարտից քարտ, ոչ թե՝ հաշվեհամարից հաշվեհամար տարբերակով, կատարվում են տարբեր տեսակի վճարահաշվարկային կազմակերպությունների ապարատների միջոցով, որտեղ երբևէ անձը կամ նպատակը չի կարողանում նույնականացվել: Այսինքն՝ պատկերացրեք այսպիսի իրավիճակ, դուք ձեր անձնական հաշվին 100.000 դրամ մուտքագրել եք որևէ վճարահաշվարկային կազմակերպության տերմինալի միջոցով, որտեղ չեք գրել՝ ով է մուտքագրողը և ինչ նպատակով, հետևաբար՝ այստեղ կորավ այդ 100.000 դրամի էությունը: Քարտից քարտ փոխանցում եք ձեր ընկերոջը, ընկերը փոխանցում է հորեղբոր տղային, հորեղբոր տղան՝ իր քեռու տղային, քեռու տղան էլ՝ հինգերորդ անձի, այսինքն՝ 5 անգամ շղթան, որի նպատակն ի սկզբանե եղել է կա՛մ պարտքով գումարի տրամադրումը, կա՛մ պարտքի հետվերադարձը, իրականում եկամուտ չի եղել, բայց յուրաքանչյուրդ քանի որ նպատակ դաշտը չի նշել, կանգնելու եք հարկման խնդրի առաջ: Այսինքն՝ ի՞նչ տեղի ունեցավ նշված օրինակում՝ 100.000 դրամ 5 անձի մեջ շրջանառվեց պարտքի մարման կամ պարտքի տրամադրման նպատակով, բայց յուրաքանչյուրը 20.000 դրամ հարկվեցին: Այսինքն՝ 100.000 դրամ մի անգամ 5 անձի մոտ շրջանառվեց, արդյունքում 100.000 դրամ հարկ առաջացավ»:
Նա նշեց, որ Քաղ. Օր 595-րդ և 878-րդ հոդվածները կարգավորում են նվիրատվության պայմանագրի ձևը և փոխառության, այսինքն՝ պարտքով փող տրամադրելու պայմանագրի ձևը, ըստ որոնց՝ նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր.
«Սա նշանակում է, որ յուրաքանչյուրդ ձեր ընկերներից, բարեկամներից նվիրատվության կամ պարտքով փող տրամադրելու կամ ստանալու գործարքներ երբ ունենում եք, պետք է կնքեք պայմանագրի գրավոր ձևը: Եթե 2024թ. համար ունեցել եք այդպիսի գործարքներ, բայց պայմանագրերը չունեք, պետք է անպայման դա վերականգնել, չվերականգնելու պարագայում ռիսկերի առաջ եք կանգնելու: Ընդ որում՝ 2024թ. ընթացքում բերեցին նախագիծ ֆիզիկական անձի բանկային գաղտնիքի՝ հարկային մարմինների կողմից հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց մոտ ստուգումներ իրականացնելու վերաբերյալ, որոնք արժանացան լուրջ ընդդիմության և հետ կանչվեցին, բայց վստահեցնում եմ՝ ժամանակավոր են հետ կանչել»:
Նա վստահեցնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ այս գործընթացն իրականացնելը կեղծ թեզ է. «Թող գան և հիմնավորեն՝ ինչպես են սրանով կոռուպցիան բացահայտելու»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում