Աղոթքի կարիք զգանք
– Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում:
– Գիտե՞ս` ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս:
– Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել:
– Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց:
– Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք գողանում եմ ժամանակը, որ պարտավոր եմ Քրիստոսին նվիրել:
– Որքան էլ գողանաս, Քրիստոս ամեն ինչ լիուլի ունի: Նա ոչ մի բանի կարիք չունի, իսկ այ դո՛ւ օգուտ չես քաղում: Ոչ թե Քրիստոսին է պետք մեր աղոթքը, այլ մեզ է հարկավոր Նրա օգնությունը: Մենք աղոթում ենք, որովհետև այդ կերպ հաղորդակցվում ենք Աստծու հետ, Որն արարել է մեզ: Եթե դա չանենք, ապա բանսարկուի ձեռքը կընկնենք և այնժամ վա՜յ մեզ: Տեսնո՞ւմ ես աբբա Իսահակն ինչ է ասում. «Աստված մեզ չի հարցնի, թե ինչու չէինք աղոթում, այլ ինչու Իր հետ շփման մեջ չէինք և այդ կերպ իրավունք ենք տվել սատանային՝ մեզ տանջելու»:
– Հա՛յր, իսկ ինչպե՞ս սիրեմ աղոթքը:
– Աղոթքի կարի՛ք զգա: Ինչպես մարմնին է սնունդ անհրաժեշտ ապրելու համար, այնպես էլ հոգին պետք է սնունդ ստանա, որպեսզի ապրի: Եթե այն չսնվի, ապա կտկարանա, ինչին կհաջորդի հոգևոր մահը:
– Մեզ ի՞նչն է խանգարում աղոթքում, հա՛յր:
– Մենք դժվարանում ենք աղոթել միայն այն ժամանակ, երբ աղոթքի կարիք չենք զգում: Ով աղոթքի իմաստը չի հասկանում, դրա կարիքը չի զգում, այն պարտավորություն է համարում և նմանվում է անմիտ երեխայի, որը հրաժարվում է մոր կրծքից, մայրական քնքշանքից, ուստի և թույլ ու հիվանդոտ է մեծանում:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը