Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ. գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին:

Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։

Արցախի կորուստն առաջացրել է զգալի տարածաշրջանային հետևանքներ։ Հայաստանի՝ արցախյան պարտությունից և այն Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները տարածաշրջանում նկատելիորեն փոխվել են: Երևանը շրջվում է դեպի Արևմուտք՝ երես թեքելով Ռուսաստանից։ Ադրբեջանն առայժմ խաղում է ռուսների հետ, սակայն առաջին իսկ հարմար պահի ավելի ցցուն ձևով լքելու է ռուսական “բարեկամությունը”: Վրաստանը փորձում է բարելավել հարաբերությունները ՌԴ հետ:

Ուկրաինական հակամարտությամբ, Արցախի օկուպացիայով և Սիրիայի իշխանափոխությամբ պայմանավորված գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և պարզ դարձրեցին, թե այստեղ ինչ ռազմավարական քայլեր են ձեռնարկում համաշխարհային խաղացողները։

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսելու Նիկոլի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա: Կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համատեքստում տեղի ունեցածի և այն դժվարությունների միջև, որոնց անխուսափելիորեն հանդիպելու է Հայաստանը։ Արևմուտքի ջանքերով էթնիկ զտման ենթարկված Արցախը դեռ ամբողջ գինը չէ, որ վճարել է Հայաստանը:

Նիկոլի արկածախնդիր «քաղաքականությունը» էլ ավելի ծանր հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կայունությունը:

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ճանապարհ հարթեցին երկրում քաղաքական լուրջ պառակտման համար։ Հայաստանում նման սցենարի կրկնության հավանականություն կա. ի վերջո, ԵՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը նույնպես կարելի է գնահատել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև իշխանության համար պայքարի հետևանք։ ԵՄ-ի հետ ինտեգրման մեկնարկը, կարծում ենք կհանգեցնի Արևմուտքի և ՌԴ կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացմանը և կստիպի նրան հստակեցնել իր դիրքորոշումը։

Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։

Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ «Տիտանիկի տոմսի» մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի՞ խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:

Հստակ է մի բան, որ Նիկոլը մեծ ստախոս է, ով առաջնորդվում է բացառապես իր շահերով, ու թքած ունի պետության շահերի վրա: Իր աղետալի իշխանությունը պահպանելու և 2026թ.-ից հետո շարունակելու համար նա պատրաստ է գնորդներին վաճառել «արցախահայության իրավունքները» «միջանցքն ու կոմունիկացիաները», «ԵՄ անդամակցումը», «խաղաղությունը», «կեղծ ստարատեգիական խարտիան», «սահմանազատումը» և այլն:

Նախորդ տասնամյակում խոշոր տերությունների հակասությունները ևս սրվում էին ու հեշտ չէր այդ պարագայում հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելը: Սակայն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը հաջողությամբ կարողանում էր հասկանալի և փոխադարձ ընդունելի կերպով դիրքավորվել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ և ԵՄ տնտեսությունների միջև՝ բացառապես հենվելով իր և գործընկերների հետ ունեցած համադրելի շահերի վրա:

Առկա հակասությունների վրա կառուցվող և շանտաժի նմանվող Հայաստանի փոփոխական «դիրքորոշումները» բացասաբար են անդրադառնում նաև տարածաշրջանային կայունության վրա։ Փաստացի՝ Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ: Մեր անկախ պետականությունը մոտեցել է իրավիճակից ելքեր մշակելու իր հնարավորությունների սահմանին։ Գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են:

Հաշվի առնելով Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը, կարելի է վստահությամբ ասել, որ հատկապես Արցախի օկուպացիայի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ՌԴ-ին դուրս մղելու և Իրանի վրա ճնշումը մեծացնելու լույսի ներքո՝ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ: Նիկոլի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականությունն այդ մասին են վկայում»:

Տեսանյութեր

Լրահոս