Ոսկեպար-Կիրանց ճանապարհի հատվածից կհանձնվի՞ Ադրբեջանին. Մհեր Գրիգորյանը հստակ չպատասխանեց հարցին

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Հայաստան-Վրաստան ճանապարհի Կիրանցով և Ոսկեպարով անցնող հատվածի որևէ մաս ադրբեջանական կողմին հանձնելու պայմանավորվածություն կա՞, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանը խորհուրդ տվեց կարդալ սահմանազատման և սահմանագծման հաստատված կանոնակարգը, որտեղ ըստ նրա՝ նկարագրվում է, թե ինչպես են կայացվում որոշումներն ու ինչպես են դրանք մտնում ուժի մեջ. «Այս շրջանակներում Դուք կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»:

Գառնիկ Դանիելյանը զարմացավ. «Միգուցե դահլիճում հարցնենք՝ որևէ մեկը Ձեր ասածից բան հասկացա՞վ, թե՞ ոչ: Կոնկրետ հարց եմ տալիս՝ ակնկալելով հստակ պատասխան: Նորից եմ կրկնում հարցս՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհն անցնելո՞ւ է ադրբեջանական վերահսկողության տակ, թե՞ ոչ»:

Դանիելյանը նկատեց՝ Մհեր Գրիգորյանը ոչինչ չասող պատասխան է տալիս, և կոչ արեց հարցին հստակ պատասխանել:

Կարդացեք նաև

Մհեր Գրիգորյանը նշեց, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ Գառնիկ Դանիելյանը պարտավոր է բացահայտել, թե ո՞ր աղբյուրից է ստացել նման տեղեկատվություն:

Նա շեշտեց, որ պայմանավորվածությունների շրջանակները հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ. «Հրապարակվում են այն շրջանակով, որով կա պայմանավորվածություն: Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն, որտեղ արտացոլված է՝ ինչ ենք պայմանավորվել: Եթե Ձեր ասածը չկա, ուրեմն՝ չկա նման պայմանավորվածություն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս