Հակասությունների կառավարություն է. ընդունում են որոշումներ, որոնց համար չեն կարողանում պատասխանատվություն կրել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Դեպի Արևմուտք տարեսկզբին արված շրջադարձից հետո Հայաստանի փաստացի կառավարությունը նորից վերադարձ կատարեց Ռուսաստանին։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները պրակտիկ են առավել, քան երբևէ, ապա դրան հաջորդեց նաև երկար դադարից հետո Փաշինյանի հեռախոսազանգը Պուտինին, ինչից հետո արդեն նախօրեին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան։
«Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում»,- Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
168․am-ը թեմայի առնչությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ սա բալանսավորված քաղաքականության դրսևորո՞ւմ է, թե՞ ընկալում, որ Արևմուտքում Հայաստանին չեն սպասում, իսկ տարածաշրջանում հնարավոր չէ առանց ՌԴ-ի։
«Դժվար է ասել։ Հակասությունների կառավարություն է. ընդունում են որոշումներ, որոնց համար չեն կարողանում պատասխանատվություն կրել,- պատասխանեց քաղաքագետը, ապա մանրամասնեց,- Երեկ Միրզոյան-Լավրով համատեղ ասուլիսի ժամանակ դա ակնհայտ տեսանք․ հարց են տալիս-ասում են՝ գնո՞ւմ եք Եվրամիություն, թե՞ չեք գնում, պատասխանում է՝ օրենքն ընդունել ենք, դրանից հետո կտեսնենք-կորոշենք։ Իրենց թվում է, թե երկու աթոռի վրա են փորձում նստել, բայց, որպես կանոն՝ նման քաղաքականությունը բերում է ծանր հետևանքների։
Հիմա ես չեմ կարող ասել, թե Արարատ Միրզոյանի Մոսկվա գնալն ինչի մասին էր․ դատելով պրոտոկոլային միջոցառումներից, հնչեցրած խոսքերից, չէի ասի, թե հարաբերությունները կարգավորված են։ Ավելին ասեմ՝ տեսանք, որ այնտեղ ներկա թե՛ հայկական, թե՛ ռուսական պաշտոնական լրատվամիջոցների ներկայացուցիչները կողմերին խնդիրներ առաջ բերող հարցեր էին ուղղում։ Իսկ Լավրովի խոսքից էլ երևում էր, որ՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, ստիպված հանդիպում ենք»։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ եթե Հայաստան-Ռուսաստան համատեքստում ինչ-որ բան փոխվել է, ապա ոչ թե երկու երկրների հարաբերությունների մակարդակով, այլ այն որպես երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների արդյունք է, կամ՝ ժամանակ շահելու փորձ։
«Ամեն դեպքում, ես չեմ տեսնում լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ և չեմ տեսնում հեռանկար ունեցող հարաբերություններ Արևմուտքի հետ։ Այս իշխանությունն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերջին դրվագում այնպես էր գործում, կարծես Բայդենի իշխանությանը դեռ մի քանի տարի էր մնացել և ոչ թե՝ ընդամենը մի քանի ժամ։
Տեսանք, որ էլի սխալ հաշվարկված քայլեր էին, այսինքն՝ հեռացող վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք հեռանկարային տեսակետից որևէ բան չեն տալու մեր երկրին»։
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները՝ արդյոք պե՞տք է սպասել արտաքին քաղաքականության ազդեցության ներքո ներքաղաքական փոփոխությունների (մասնավորապես՝ ընդդիմադիր շրջանակների կոնսոլիդացիայի)՝ հետաքրքրվեցինք քաղաքագետից։
Ի պատասխան՝ նա մասնավորապես նկատեց․ «Ես կարող եմ պնդել, որ կան ընդդիմադիր ուժեր, որոնք առաջնորդվում են բացառապես երկրի, ազգային, պետության շահերով և ոչ թե արտաքին ազդեցություններով։ Այլ հարց է, թե չլինի արտաքին խոչընդոտներ ընդդիմության գործունեության տեսակետից, որովհետև, ցավոք սրտի, անցած տարիների ընթացքում մենք նման խոչընդոտներ տեսել ենք․ օրինակ, տարբեր երկրներում խոշոր բիզնեսներ ունեցող գործարարները զգուշացվել են՝ թույլ չտալ իրենց աշխատակիցներին մասնակցել ցույցերին, կամ աջակցել։ Այժմ, ես հուսով եմ՝ նման խոչընդոտներ չեն լինելու ապագայում»։