Թրամփի նախագահությունը բեկումնային է լինելու Ռուսաստանի ու Իրանի համար, ազդեցությունը կզգա նաև Հայաստանը․ վերլուծաբան
Աշխարհաքաղաքական և ռեգիոնալ զարգացումների ֆոնին Երևանն ու Բաքուն շարունակում են խոսել բանակցային գործընթացի և դրանում առկա խնդիրների մասին։ Վերջին օրերին ռեգիոնն առավելապես կլանված հետևում էր Հայաստան-ԱՄՆ նոր ստորագրված Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրման շուրջ ծավալվող իրավիճակին, փորձելով հասկանալ փաստաթղթի խորությունն ու լրջությունը, ՀՀ ԵՄ անդամակցության օրենսդրական նախաձեռնության ճակատագրին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, ինչպես նաև Ռուսաստան ու Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որոնք տեղի ունեցան այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությանն ընդառաջ։
Եվ տևական դադարից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Երևան-Բաքու բանակցություններին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել, և բանակցությունները շարունակվում են։
«Հայաստանի սահմանադրությամբ և իրավական փաստաթղթերում դեռևս կան պահանջներ ադրբեջանական հողերի նկատմամբ։ Սրանք պետք է լուծվեն»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ հաջորդ հանդիպման վայրի ու ժամի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։ Վերջինս նաև փորձել է քննադատել ՀՀ-ԱՄՆ նոր փաստաթուղթը, ինչպես նաև, նրա իսկ խոսքով, ԱՄՆ-ի միակողմանի աջակցությունը Երևանին։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ միջազգային մամուլի հրապարակումներին հետևելիս կարելի է եզրակացնել, որ Թրամփի նախագահության առաջին ամիսներն աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից կարող են բեկումնային լինել։
Նրա խոսքով, այդ բեկումները վերաբերելու են նաև Իրանին ու Ռուսաստանին։
Ըստ Խրամչիխինի, դա իր հերթին՝ նշանակում է նոր իրողություններ նաև Հայաստանի Հանրապետության համար։
«Ակնկալվում է, որ երդմնակալությունից հետո Թրամփը կնախաձեռնի առաջին հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, ինչը նրանց բանակցություններին ընդառաջ՝ կդառնա կարևոր իրադարձություն։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի համար այս վարչակարգի հետ մի փոքր ավելի հեշտ է լինելու՝ հաշվի առնելով այս թիմի կենտրոնացումը ներքին օրակարգերի վրա։ Սակայն Թրամփի խորհրդականն էլ հաղորդել է, որ փետրվարին Թրամփը կարևոր որոշումներ է կայացնելու Իրանի վերաբերյալ, և այստեղ բավականին բարդ իրավիճակ կստեղծվի, եթե այս տեղեկությունները հաստատվեն»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։
Խրամչիխինը գտնում է, որ Իրան-ՌԴ օրերս ստորագրված մեծ համաձայնագիրը և ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունները ցույց տվեցին, որ իրանական կողմը որոշակի ակնկալիքներ ունի Ռուսաստանից։ Բացի այդ, նրա որակմամբ, պատահական չէ, որ կողմերը ձգտեցին այն ստորագրել մինչ Թրամփի երդմնակալությունը։
«Մինչ նույնիսկ այս բանակցություններն էին տարածվում հրապարակումներ, որ իրանական կողմից գաղտնի այցեր են կատարվում դեպի ՌԴ՝ որոշակի ոլորտներում ՌԴ աջակցության համար։ Եթե ԱՄՆ նոր նախագահին հաջողվի Ուկրաինայի շուրջ պայմանավորվել ՌԴ-ի հետ, դա կդառնա էական իրադարձություն Ռուսաստանի համար և գուցե սահմանափակող հանգամանք Իրանի հարցում։ Եվ այստեղ է, որ կարող է Իրանի շուրջ ստեղծված առանց այն էլ բարդ իրավիճակն է՛լ ավելի բարդանալ»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։
Նրա կարծիքով, այս երկու փոփոխությունն էլ անդրադառնում է ՀՀ-ի վրա։
«Կարծում եմ՝ ստեղծվելու է այնպիսի իրավիճակ, երբ հայկական կողմը գնալու է Ռուսաստանի հետ այլ ճանապարհով, քան ներկայումս, դրան է հանգեցնելու Թրամփի քաղաքականությունն ու Թրամփ-Պուտին բանակցությունների արդյունքներն ու այդ ամենի հետևանքով՝ նաև ԵՄ քաղաքականությունը։ Այս գործընթացները, ինչպես գիտենք, շատ փոխկապակցված են։ Սպասվող զարգացումները ստեղծելու են իրավիճակներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Երևան-Բաքու բանակցություններին, ապա, վերլուծաբանի կարծիքով, այդ բանակցությունները ևս աշխարհաքաղաքական զարգացումներից կախվածության մեջ են։
«Լա՞վ է դա, թե՞ վատ՝ ավելորդ է քննարկել, քանի որ այդպես եղել է, իսկ այսօր այդ կախվածությունն ավելի շատ է, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակն ու խաղացողների դիրքավորումը։ Ուստի, կարծում եմ, մյուս ամսվանից, իսկ ավելի ակտիվ՝ գարնանը կարելի է սպասել հայ-ադրբեջանական բանակցություններ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ տարեվերջին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական բանակցությունները կվերսկսվեն հունվար ամսին, սակայն բանակցությունները ոչ միայն չեն սկսվել, այլև Ադրբեջանի ղեկավարը տարեսկզբին հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է ապրել առանց պայմանագրի։ «Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,- նշել էր նա իր հարցազրույցում։ Հարկ է նշել նաև, որ օրեր առաջ կայացել էր սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։