
Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Մոսկվայի և Թեհրանի միջև պայմանագրի համար. ԻԻՀ ԱԳՆ

Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի կնքման համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Պատժամիջոցները երբեք արգելք չեն եղել պետությունների հարաբերությունների ընդլայնման համար։ Համաձայնագրի կնքումը հիմնվում է կառավարությունների կշռադատված պահանջների և երկկողմ մակարդակում առկա հնարավորությունների գնահատման վրա: Կարևորն արդյունքն է, այն առկա է՝ կարելի է նայել տեքստը և տեսնել, թե ինչ է ներառված այնտեղ», – հայտարարել է Բաղային։
Նշենք, որ Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը բանակցություններից հետո հունվարի 17-ին ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, այդ փաստաթուղթն արտացոլում է երկկողմ կապերի նոր մակարդակի դուրս գալը: