Ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան Թրամփից
Հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։ Պաշտոնական Անկարան մտադիր է Թրամփի կառավարման շրջանում լուծել այն հարցերը, որոնք չեն հաջողվել լուծել Ջո Բայդենի նախագահության շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Թուրքիային հուզում են հետևյալ չորս հարցերը, որոք վերաբերվում են Սիրիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (YPG) տրվող աջակցությանը, պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին օրենքի վերացմանը և F-35-ի ու F-16 կործանիչների ձեռքբերմանը։
1. Անկարան Թրամփից ակնկալում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի «ահաբեկչական» կազմակերպություն համարվող Սիրիայի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» հատկացվող օգնությունը։
2. Վերջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում կարևոր խնդիր են հանդիսանում ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։ Դրանք կապված են Ռուսաստանից S-400 հակօդային պաշտպանության համակարգերի գնման հետ և Թուրքիան ակնկալում է, որ այդ պատժամիջոցները կվերացվեն։
3. Հաջորդիվ F-35 կործանիչների խնդիրն է։ ԱՄՆ-ն Թուրքիային հանել է F-35 կործանիչների ծրագրից՝ պատճառաբանելով ՌԴ-ից S-400 հակօդային պաշտպանության համակարգերի գնումը։ Ըստ այդմ՝ ԱՄՆ-ը Թուրքիային պարտք է 1 մլրդ 450 մլն դոլար՝ ծրագրի ընթացքում կատարած ներդրումների համար։
Չորրորդ ակնկալիքն էլ կապված է F-16 կործանիչների գնման հետ։ Թուրքիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչ։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն էր առաջացրել ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի դեմ զենքի էմբարգոյի վերցումը և Թուրքիան ակնկալում է նաև այս հարցում հասնել լուծման։