Բաժիններ՝

Մետապնևմավիրուսն այլ շնչառական վիրուսների համեմատ որևէ առանձնահատկություն չունի

Մետապնևմավիրուսը (HMPV) սովորական սուր շնչառական վիրուս է,  որի դրսևորման ընթացքը և ախտանշանները որևէ առանձնահատկություն այլ շնչառական վիրուսներից  չունի.  այն տարածվում  է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հազվադեպ կարող է փոխանցվել կենցաղային իրերի հետ շփման միջոցով:

Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)  վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ մետապնևմավիրուսի կլինիկական նշանները նույնն են, ինչ մնացած սուր շնչառական  վարակների դեպքում, և որևէ առանձնահատկություն  այս վիրուսը չունի:

«Հիմնական ախտանշաններն են ջերմության բարձրացումը, հազը, քրտնարտադրությունը, դժվարաշնչությունը, մարմնի կոտրտվածությունը և այլն: Այսինքն՝ բուժառուների մոտ նկատվում են սովորական մրսածության նման վերին շնչուղիների թեթև ախտանշաններ և վերանում են մի քանի օր անց։ Թե ինչպե՞ս պետք է  պայքարել մետապնևմավիրուսի դեմ,  մասնագետը նշեց՝ քանի որ այն որևէ առանձնահատկություն չունի մյուս վարակների նկատմամբ, ապա կանխարգելիչ նախազգուշական միջոցառումները նույնն են, ինչ մյուս սուր շնչառական վարակների դեպքում:

Վարակաբանի խոսքով՝ մետապնևմավիրուսը մարդկությանը հայտնի է դեռևս 2001 թվականից և շրջանառվում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմավիրուսի 10 դեպք,  2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում՝ 50 դեպք։ Իսկ 2024 թվականի ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում մետապնևմավիրուս չի հայտնաբերվել»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով բժիշկ–համաճարակաբանը  խորհուրդ տվեց ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հաճախակի օդափոխել տարածքը, խուսափել շնչառական վարակների ախտանիշներ ունեցող անձանց հետ շփումից, սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ նկատելու դեպքում առաջնայինը կրել դիմակ, մնալ տանը և դիմել բժշկի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս