Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին ինչի՞ են դատում, որ իրենց տո՞ւնն են պաշտպանել. Մինսկի խումբ, ձեն հանիր. Հրանտ Բագրատյան

«Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին ինչի՞ են դատում, որ իրենց տո՞ւնն են պաշտպանել. Մինսկի խումբ, ձեն հանիր». Հրանտ Բագրատյան

Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին ազատ արձակելու պահանջով Կառավարության շենքի մոտ տեղ ունեցավ բողոքի ակցիա։ Այն նախաձեռնել էր «Միասին» շարժումը, որին միացել էին տասնյակ քաղաքացիներ։
Ակցիայի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ իր վարչապետ եղած ժամանակ 4 տարուց ավելի մտել է Կառավարության շենք ու դուրս եկել, այնտեղ երբեք ճաղավանդակներ չեն եղել, ինչպես այսօր է։

«Հիմա եթե մի տեղում ճաղ կա՝ ուրեմն կա՛մ ներսում, կա՛մ այստեղ գազան կա։ Հիմա գազանը որտե՞ղ է։ Ուրեմն թող թուղթ կախեն, գրառում կատարեն վրան՝ զգուշացե՛ք, ներսում գազան կա, որպեսզի քաղաքացիները զգուշանան։

1993 թվականին ես վարչապետ եմ եղել, մենք հաղթել էինք, դա եղավ Ակնայի հաղթանակից հետո, աշխարհը հավաքվեց ու ՄԱԿ-ը որոշեց զբաղվել Արցախի հարցով։ ՄԱԿ-ը որոշեց, որ այդ խնդիրը պատվիրակում է ԵԱՀԿ-ին՝ Եվրոպայի անվտանգության խորհրդին։ ԵԱՀԿ-ն էլ ասաց՝ հո 37 պետություններով չեմ քննարկելու, 3 պետության կպատվիրակեմ, կասեմ՝ գնացեք լուծեք Արցախի հարցը։ Արցախի հարցն օրինական է, դա Աբխազիա չէ, Ղրիմ չէ, Հարավային Օսեթիա ու Կոսովո չէ»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան Արցախի հարցին լուծում չեն գտել, բայց այդ խմբի առկայությունն արդեն նշանակում է, որ հայերի պահանջն օրինական է, եթե անօրինական լիներ, ապա Մինսկի խումբը չէր ձևավորվի, կասեին՝ Ադրբեջանի տարածքն է ու վերջ։

Կարդացեք նաև

«Հիմա, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է հրաժարվի Մինսկի խմբից, ուրեմն՝ «Արցախն Ադրբեջան է», հետևաբար, հայությունն այնտեղ ի՞նչ էր անում, մեզ բոլորին պիտի դատեն, մի 100 միլիարդի էլ տուգանք են ուզում դնել։

Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին ինչո՞ւ եք դատում, իրենք ի՞նչն են սխալ արել։ Դուք ասել եք այստեղ խնդիր կա, պիտի որոշեք Արցախի կարգավիճակը, Բակո Սահակյանը եղել է նախագահ, նրա վրա հարձակվել են, նա էլ զենքը վերցրել է, որ պաշտպանվի։ Նույնը Ռուբեն Վարդանյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Արայիկ Հարությունյանը, բոլորը։

Այն մորուքավորը, այն շենքում է նստում՝ ստահակային մտածելակերպով ամերիկացիների հետ թուղթ է ստորագրում՝ Թրամփի ադմինիստարացիայի իշխանության գալուց 5 օր առաջ։ Այդ փաստաթղթի մեջ գրված է՝ արցախցիներ ջան իմացեք, որ Ամերիկան կարող է մի 2 մլն տա, որ այստեղ ձեզ ուտելիք բաժանեն։ Սա այն Միացյալ Նահանանգներն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Բլինքենը, որ նորմալ մարդ լիներ, պետք է վեր կենար ու ՀՀ ԱԳ նախարարին ապտակեր, ասեր՝ «արա՛, այս ի՞նչ ես ստորագրում, դուք առնելիք ու ուզելիք չունե՞ք մեզանից, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ մենք ձախողել ենք Մինսկի խմբի առաքելությունը։ Մինսկի խումբ ձայն հանիր»,-հավելեց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս