
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ

Ի պատասխան ԶԼՄ հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանում է տարածել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ։
Պարզաբանման մեջ նշված է. «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։