Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում 20-ից ավելի մարդ է զոհվել՝ հրադադարն ուժի մեջ մտնելուն ընդառաջ
Իսրայելական ավիահարվածների հետևանքով գիշերը Գազայի հատվածում ավելի քան 20 մարդ է զոհվել։ Հարվածներից առաջ հայտարարվել էր Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի համաձայնագրի հասնելու մասին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։
Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Գազայի հատվածի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։
Նշվում է, որ 12 մարդ զոհվել է Գազա քաղաքում գտնվող բնակելի թաղամասերից մեկին հասցված հարվածներից։
Իսրայելի զինվորականներն առայժմ չեն մեկնաբանել այս միջադեպը։
Չնայած հրադադարի համաձայնագրի մասին հայտարարությանը, այն դեռ պետք է հաստատվի Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, ինչն, ակնկալվում է, տեղի կունենա հունվարի 16-ին։
BBC-ն հիշեցնում է, որ Իսրայելը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հետ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ ևս Իսրայելը ավիահարվածներ էր հասցնում Լիբանանին։
ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրն ընդգրկելու է 3 փուլ։ Առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իր մոտ պահվող 33 պատանդի՝ իսրայելական բանտերում գտնվող տասնյակ պաղեստինցիների դիմաց։