
Եվրամիությունը 140 մլն եվրո հումանիտար օգնություն կհատկացնի Ուկրաինային

Եվրամիությունը հումանիտար օգնության 140 միլիոն եվրոյի փաթեթ կհատկացնի Ուկրաինային: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
«Ֆինանսավորումը կուղղվի արտակարգ օգնությանը, ներառյալ պարենին, կացարանին, խմելու ջրին, առողջապահությանը և ցրտից պաշտպանությանը: Հիմնական առաջնահերթություններն Ուկրաինայի՝ պատերազմից սաստիկ տուժած արևելյան և հարավային շրջաններում բնակչության խոցելի խավերին աջակցությունն է», – նշվում է փաստաթղթում:
Եվս 8 միլիոն եվրո կհատկացվի Մոլդովային՝ ուկրաինացի փախստականներին ընդունելու ծախսերը հոգալու համար։
Հաղորդվում է, որ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինային ցուցաբերվող հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմում է արդեն ավելի քան 1,1 միլիարդ եվրո։