Բրազիլիայի ոստիկանությունը հաղորդել է նախագահի կյանքի դեմ մահափորձի սպառնալիքի մասին
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հանրապետության ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կյանքի դեմ ենթադրյալ մահափորձի հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել հունվարին հարձակում նախապատրաստելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ տեղական Terra հրատարակության՝ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանությունն ստացել է հունվարի սկզբին։ Ենթադրյալ դավադիրները, որոնց ինքնությունը մինչև այժմ պարզված չէ, ցանկացել են մահափորձ կատարել Լուլա դա Սիլվայի, ինչպես նաև Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսի կյանքի դեմ։
CNN Brasil հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը կարծում է, որ դավադրության կազմակերպիչները պլանավորել էին օգտագործել պայթուցիկ նյութեր, նռնակներ և ամերիկյան Barrett M82 խոշոր տրամաչափի հրացաններ։
Երկրի իշխանությունները դեռ չեն հայտնել, թե հաջողվել է արդյոք վերջնականապես վերացնել Լուլա դա Սիլվայի և դի Մորայսի կյանքի նկատմամբ սպառնալիքը։
2024 թ. նոյեմբերին Բրազիլիայի իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն էին սկսել մի քանի սպաների և հանրապետության նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ՝ կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու և 2022 թվականի հեղաշրջման փորձի կասկածանքով։
Ինչպես հետևում է գերատեսչության հաշվետվությունից, դավադիրները ցանկացել են խափանել ընտրություններում Ժաիր Բոլսոնարուին հաղթած Լուլա դա Սիլվայի՝ 2023 թվականի հունվարի 1-ին պլանավորված երդմնակալությունը և քննարկել են իշխանության եկած առաջնորդի սպանության հնարավորությունը, բայց այդպես էլ չեն իրականացրել իրենց մտադրությունը: