Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն մինչև 2028 թ. հասցնել 1 տրիլիոն դոլարի

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ԱՄՆ իշխանություններին կոչ է արել պաշտպանական ծախսերին հատկացնել 50 միլիարդ դոլարով ավելի, քան նախատեսված է 2026 թվականի համար, իսկ 2028 ֆինանսական տարում այդ ծախսերը հասցնել ավելի քան 1 տրիլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Օսթինի նամակը ԱՄՆ վարչակազմի կառավարման և բյուջեի վարչությանը:

Ըստ գործակալության՝ Օսթինը Կառավարման և բյուջեի վարչությանը խորհուրդ է տվել պահել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտպանական շինարարության հնգամյա պլանը, որի համաձայն 2026 թվականին դրա համար կհատկացվի 926,5 միլիարդ դոլար, թեև կանխատեսվել էր, որ այդ գումարը կազմելու է 876,8 միլիարդ դոլար: Պլանն առաջարկում է 972,8 միլիարդ դոլար ծախսել 2027 ֆինանսական տարում և ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ 2028 թվականին։

«Մեր ռազմավարության պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է գնաճից բարձր իրական աճ և կայուն նոր ներդրումներ 2026-2030 ֆինանսական տարիներին», – գրել է Օսթինը։

Պենտագոնի ղեկավարը կոչ է արել, որ պաշտպանական ծախսերը 2027-2030 ֆինանսական տարիներին կազմեն ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 3%-ը, նշում է Bloomberg-ը։ Կառավարման և բյուջեի վարչության գնահատումներով՝ 2024 ֆինանսական տարում պաշտպանությանն ուղղվել է ՀՆԱ-ի 3,2%-ը:

Բացի այդ, Օսթինը նշել է, որ Պենտագոնի ֆինանսավորումը չպետք է ներառի օգնությունն Ուկրաինային և Իսրայելին։ ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ արտաքին ռազմական օգնությունը պետք է ֆինանսավորվի լրացուցիչ հատկացումների հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս