Բելգիայում զանգվածային գործադուլ է սկսվել սոցիալական վճարները 3 մլրդ եվրոյով կրճատելու դեմ
Բելգիայում սկսվել է համընդհանուր գործադուլ՝ 3 միլիարդ եվրոյով կենսաթոշակների և սոցիալական վճարների կրճատման դեմ։ Ինչպես հայտնել են թագավորության երեք խոշորագույն արհմիությունները, բողոքի ակցիան կտևի 24 ժամ։
Գործադուլին իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են ուսուցիչները, հասարակական տրանսպորտի, երկաթուղիների և օդանավակայանների աշխատողները, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցները և բեռնողները, ինչպես նաև բանտապահները, փոստատարները, հրշեջները և կոմունալ ծառայությունների աշխատողները։
Ըստ RTBF հեռուստաալիքի տեղեկատվության՝ քաղաքային տրանսպորտը չի աշխատի, յուրաքանչյուր երեք միջքաղաքային գնացքներից և ավտոբուսներից ուղերթեր է իրականացնելու միայն մեկը։ Չեղարկվել է ավիաչվերթերի մոտ 70%-ը։
Թագավորության ոստիկանությունը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Բրյուսելում ավտոմեքենաներով երթևեկելուց, քանի որ քաղաքում մեծ խցանումներ են սպասվում։ Բացի այդ, քաղաքի կենտրոնը կփակվի բողոքի ցույցի համար, որին, արհմիությունների տվյալներով, կմասնակցի 50 000-ից մինչև 100 000 մարդ։ Ցույցը թույլատրվել է քաղաքային իշխանությունների կողմից։
Բողոքի ակցիայի պատճառ են դարձել երկրի բյուջեում սոցիալական հատկացումները տարեկան 3 միլիարդ եվրոյով կրճատելու ծրագրերը: Ծրագրերը պատրաստել է վարչապետի թեկնածու, «Նոր ֆլամանդական դաշինք» աջ արմատական կուսակցության նախագահ Բարտ Դե Վևերը։ Նա, մասնավորապես, հավանություն է տալիս երկրի ռազմական ծախսերի ավելացմանը։
Բելգիայում 2024 թվականի հունիսից, երբ տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, փոփոխական հաջողությամբ շարունակվում են բանակցությունները իշխող կոալիցիայի և նոր կառավարության ձևավորման շուրջ։ Երկիրն «ընթացիկ գործերի» ռեժիմով կառավարում է ընտրություններում պարտություն կրած Ալեքսանդր Դե Կրոյի գլխավորած նախարարների հեռացող կաբինետը. նրա կուսակցությունն ընտրություններում գրավել էր հինգերորդ տեղը։ Բելգիայում կառավարության ձևավորման գործընթացը միշտ ձգձգվում է երկար ամիսներ։ Ռեկորդը՝ 541 օր, սահմանվել է 2020 թվականին: