ՀՀ-ում սինթեզվել են ռադիոֆարմ պրեպարատներ․ ո՞ր օրգանների քաղցկեղային գոյացությունները վաղ կբացահայտվեն
Հայաստանում՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է ֆտորէթիլթիրոզին ռադիոֆարմ պրեպարատի (18F-FET) սինթեզ։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հնարավորություն է ստեղծում հիվանդություններն ախտորոշելու համար։ Այս մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի 18F-FDG սինթեզը ապահովող մասնագետ Դավիթ Արշակյանի հետ։
– Շատերը կատարվածը միջուկային բժշկության ոլորտում լուրջ քայլ են համարում։ Ի՞նչ հնարավորություններ է տալիս ֆտորէթիլթիրոզին ռադիոֆարմ պրեպարատի (18F-FET) սինթեզը։
– Մեզ քիմիայից հայտնի է, որ գոյություն ունի 118 քիմիական տարր, որոնց մի մասին հանդիպում ենք բնության մեջ, մյուս մասն էլ լաբորատոր միջամտության շնորհիվ կարող ենք ստանալ, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Այդ քիմիական տարրերն ունեն իրենց ռադիոակտիվ և ստաբիլ իզոտոպները, որոնք իրենց ընդհանուր քանակով հասնում են մոտ 2000-ի։ Եվ այստեղ մենք ունենք լայն սպեկտր՝ ընտրություն կատարելու, թե ի՞նչ ռադիոֆարմ պրեպարատ ենք ստեղծելու։ Ռադիոակտիվ իզոտոպներն ունեն տրոհման ինչ-որ ժամանակ, օրինակ, ֆտոր 18 իզոտոպն ունի կիսատրոհման պարբերություն, այն է՝ միջուկում եղած մասնիկների քանակը 109 րոպե հետո կիսվում է, ևս 109 րոպե հետո մնացած միջուկում եղած մասնիկների քանակն է կիսվում, իսկ կիսված մասնիկների քանակը պոզիտրոն է ճառագայթում։
2020թ․ սինթեզվել է առաջին ռադիոֆարմ պրեպարատը՝ 18F-FDG-ն, որն ավելի լայն սպեկտր ունի, հիմնականում օգտագործվում է փափուկ հյուսվածքների և ընդհանուր օրգանիզմի գոյացությունները հայտնաբերելու համար։ Բայց տարբեր դեպքերի համար տարբեր ռադիոֆարմ պրեպարատներ են օգտագործվում։
Օրինակ՝ գլխուղեղի, շագանակագեղձի կամ ոսկորների համար տարբեր ռադիոֆարմ պրեպարատներ են օգտագործում, որոնք բաղկացած են իզոտոպից և ուղեկցող նյութից, որը գնալու է և կուտակվի բուժառուի օրգանիզմում։ Եթե վերցնենք ֆտորէթիլթիրոզին ռադիոֆարմ պրեպարատը (18F-FET), այն օգտագործվում է գլխուղեղի գոյացությունները վաղ փուլում բացահայտելու համար։
– Ինչպե՞ս առաջացավ այս սինթեզն իրականացնելու գաղափարը։
– Եթե գնանք դեպի 1950-ական թվականներ, այդ ժամանակ միջուկային բժշկությունն այնքան զարգացած չէր, որ հնարավոր լիներ քաղցկեղային գոյացությունները բացահայտել շատ վաղ փուլում, և սա մեծ բարդությունների էր հանգեցնում։ 1960-ական թթ․ սկսեց միջուկային բժշկությունը զարգանալ, և ռադիոակտիվ իզոտոպների հիման վրա սկսեցին արտադրել ռադիոֆարմ պրեպարատներ։ Մինչև 2020թ․ ՀՀ բուժառուները ստիպված էին գնալ կա՛մ Վրաստան, կա՛մ այլ երկրներ, և գաղափար առաջացավ՝ Հայաստանում զարգացնել միջուկային բժշկությունը։
– Սինթեզն իրականացնելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ։
– Սինթեզները բաժանվում են փուլերի, հիմնականում ասում ենք՝ տաք և սառը սինթեզ։ Տաք սինթեզ ասելով՝ հասկանում ենք այն, երբ քիմիական պրոցես է ընթանում, ջերմաստիճանն է բարձրանում, տեղի է ունենում զտում, առանձնացում։ Իսկ սառը սինթեզի ժամանակ քիմիական երկու նյութեր խառում ենք իրար և արդեն որոշակի ժամանակ անց այն հնարավոր է ներարկել բուժառուին։ Մեր դեպքում կատարում ենք տաք սինթեզ, որը կատարվում է 35-40 րոպեում՝ կախված ռադիոֆարմ պրեպարատի տեսակից։ Նշեմ, որ մի ռադիոֆարմ պրեպարատ սինթեզելու ժամանակը կարող է կարճ տևել, մյուսինը՝ ավելի երկար։ Սա կախված է նրանից, թե ի՞նչ տարրեր են մասնակցելու և ի՞նչ պրոցես է տեղի ունենալու։
– Որևէ երկրի հետ համագործակցե՞լ եք։
– Ընդհանուր առմամբ, համագործակցություն կա տարբեր երկրների հետ։ Առաջին անգամ ֆտորէթիլթիրոզին ռադիոֆարմ պրեպարատի (18F-FET) սինթեզը կատարվել է Ռուսաստանի ԱՆ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գործընկերների հետ, իրականացվել է փորձի փոխանակում։
– Ինչպե՞ս է այդ գործընթացը տեղի ունենում, ե՞րբ են ներարկում կատարում։
– Ռադիոֆարմ պրեպարատ ստեղծելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ՝ մոտավորապես 3 ժամ։ Սկզբում ընտրվում է թիրախավորված նյութ, որը C18 ցիկլատրոնի միջոցով ճառագայթվում է, որից հետո մոտ 1,5 ժամ սինթեզվում է, ապա 45 րոպե տևում է սինթեզը, հետո մոտ 1 ժամ տևում է որակի վերահսկումը ու նոր նյութը դուրս են թողնում։
Այս ամենից հետո ներարկում են բուժառուին և 30-40 րոպե հետո բուժառուն հնարավորություն ունի անցնել ՊԵՏ/ՀՏ (Պոզիտրոն Էմիսիոն տոմոգրաֆիա)։ Ռադիոակտիվ նյութը, որը ներարկվել է, կուտակվում է թիրախավորված օրգանում, որտեղ կան քաղցկեղային բջիջներ, ու Պոզիտրոն Էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով ավելի կոնկրետ ստանում են ընդհանուր պատկերը։ Եթե համեմատենք ԿՏ-ի և ՄՌՏ-ի հետ, տարբերությունը մեծ է, քանի որ ՊԵՏ/ՀՏ-ի միջոցով քաղցկեղային բջիջների առկայությունը հնարավոր է պարզել շատ վաղ փուլում։
– Սարքը և նյութն անվտա՞նգ են մարդու առողջության համար։
– Սարքը լիովին անվտանգ է, իսկ նյութի ակտիվությունն այնքան բարձր չէ, որ բուժառուին լուրջ վնաս հասցնի։ Բացի այդ, մոտ 8 ժամ հետո այդ ռադիոակտիվ նյութի ակտիվությունը մոտ 16 անգամ նվազում է։
Մեկ անգամ ներարկումից հետո խորհուրդ է տրվում մյուսն անցնել մոտ 6 ամիս հետո։
– Կենտրոնում 4 պրեպարատ է սինթեզվել։ Ո՞ր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել, և ուրիշ ի՞նչ նյութ եք ուզում ստանալ՝ բժշկության ոլորտում առաջընթաց ապահովելու համար։
– Ամեն մեկն ունի իր օգտագործման սպեկտրը։ Օգտագործվում են շագանակագեղձի, ոսկորների, գլխուղեղի գոյացությունները բացահայտելու, ինչպես նաև տարբեր օրգանների ախտորոշման համար։
Ինչ վերաբերում է ապագայի պլաններին, մեր թիմը շարունակում է ինտենսիվ աշխատանքները, և մոտ ապագայում կունենանք ռադիոֆարմ պրեպարատ՝ ֆտորի հիմքով։