Բաժիններ՝

Սլովակիան նշել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցման հիմնական խնդիրը

Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցումը բացասաբար կանդրադառնա Եվրոպայում վառելիքի այս տեսակի թանկացման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։

Սլովակիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բլանարը հունգարացի գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա գազի տարանցումը դադարեցնելու իրավիճակը։

«Մենք համաձայնեցինք մեր հունգար գործընկերոջ հետ, որ այս իրավիճակը շատ բացասական ազդեցություն կունենա հիմնականում կենտրոնական Եվրոպայի շահառուների վրա», – ասել է Բլանարը:

Սլովակիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, հիմնական խնդիրը կլինի ոչ թե գազի պակասը, այլ դրա թանկացումը։

«Պետությունը պետք է փոխհատուցի դրա համար, բայց միևնույն ժամանակ կկորցնի տարանցիկ վճարումները առնվազն 500 միլիոն եվրոյի չափով, այդ միջոցները բավարար չեն լինի ապահովելու, որ բարձրացված գները չփոխանցվեն ընկերություններին կամ տնային տնտեսություններին», – նշել է Բլանարը:

Սլովակիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ երկու նախարարներն էլ համաձայնել են Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի պահպանման անհրաժեշտության մասին, որը հաշվի է առնում նաև առկա էներգետիկ ուղիների պահպանումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս