Հայաստանում 2024-ի ապրիլից մինչև այժմ մետապնևովիրուս (HMPV) չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:
Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.
«Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։
Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ։
Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները։
Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով։
Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ։
Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ»:
Կենտրոնից զգուշացնում են՝ եթե նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։