Աղցաններ, որոնք մատուցվում են խմիչքների հետ
Աղցան` ֆրանսիական ձևով
Տաք ջրի կամ կաթի մեջ մի քանի ժամ թրջեք մի կտոր կովի բրինզա պանիր, այնուհետև տրորեք փայտե գդալով, իսկ մատուցելուց առաջ ավելացրեք մանրած ընկույզ։ Այս աղցանը լավ է մատուցել սպիտակ գինու կամ վերմուտի հետ։
Լցոնած հացիկ
Փոքր բոքոնը բաժանեք երկու մասի, հանեք միջուկը։ 200 գրամ կարագը տրորեք այնքան, մինչև սպիտակի, ավելացրեք մանր կտրատած 160 գրամ խոզապուխտ, 100 գրամ տավարի խաշած լեզու, 70 գրամ պանիր, թթու վարունգ, խաշած ձու և այդ բոլորը լավ խառնեք։ Այս խառնուրդով լցոնեք բոքոնները, դրեք սառնարանում։
Կտրատեք, մատուցեք սպիտակ գինու կամ վերմուտի հետ։
Աղի պեչենի
Փայտե գդալով տրորեք 100 գրամ կարագը, 100 գրամ բրինզա պանիրը, ավելացրեք 100 գրամ ալյուր և հունցեք։ Բացեք խմորը 2 մմ հաստությամբ շերտով և աժակով կիսալուսնաձև կտրատեք, վրան քսեք հարած ձու, թխեք տաք ջեռոցում՝ մինչև բաց դեղնագույն դառնալը։ Այս պեչենին հարմար է գինու հետ։
Աղցան «Ախորժակ»
Աղցանամանի մեջ լցրեք մանր կտրատած թթու կաղամբ, քերիչով անցկացրած թթու գազար, վրան բուսական յուղ լցրեք, խառնեք։ Աղցանի վրա վարդաձև կտրատած մարինացված կարմիր տաքդեղներ դրեք, արանքներում` շերտ-շերտ կտրատած խաշած ձու, իսկ մեջտեղում` կիսած ձիթապտուղներ, կտրած մասը դեպի ներքև։
Աղցան բրինզա պանրով
Ափսեի մեջ լցրեք մանրած բրինզա պանիր, ավելացրեք մանր կտրատած կամ քերած գլուխ սոխ, վրան ցանեք կարմիր կամ սև պղպեղ և բուսական յուղ։ Պանրի շուրջը երկու շարք կանաչ թթու դրած պոմիդոր, գազար դրեք, ավելացրեք մեկ շարք թթու դրած վարունգի շերտեր ու մարինացված կարմիր տաքդեղ։ Մատուցելիս աղցանի վրա կանաչ մաղադանոս ավելացրեք։