
Գերմանիան 60 մլն եվրո կհատկացնի Սիրիայի վերականգնման համար

Գերմանիայի դաշնային կառավարությունը կմասնակցի Սիրիային ցուցաբերվող օգնության մի քանի նախագծի։ Այդ նպատակների համար կհատկացվի 60 մլն եվրո։ Ընդ որում՝ գումարն անմիջականորեն չի ուղարկվի Սիրիայի իշխանություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում։
Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։
Սիրիայի վերականգնման նախագծերը, որոնց կմասնակցի Բեռլինը, կիրականացվեն ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մասնավորապես, 25 մլն եվրո պետք է ուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), որն, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ։ Բացի այդ, միջոցները կուղղվեն պատերազմից տուժած երեխաներին օգնության ցուցաբերմանը։ Իսկ 6 մլն եվրո կհատկացվի տեղի դպրոցների աշխատանքի կազմակերպմանն աջակցելուն։
Եվս 19 միլիոն եվրո կտրամադրվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP), որն, ի թիվս այլ բաների, զբաղվում է հարկադիր վերաբնակների համար աշխատանքի կազմակերպմամբ։ ՄԱԿ-ի հիմնադրամը, որն աջակցում է կանանց իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպություններին, կստանա 3 միլիոն եվրո, իսկ մնացած 7-ը կհատկացվի տեղական ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են «բնակչության տարբեր խմբերի հաշտեցմամբ»:
«Մենք հստակորեն ձևակերպել ենք մեր ակնկալիքները՝ գաղափարախոսությունից, խտրականությունից և մեկուսացումից զերծ կրթական համակարգ: Եթե զարգացումն ընթանա ճիշտ ուղղությամբ, մենք պատրաստ ենք ավելին անել նաև այլ բնագավառներում»,-արձանագրել է Շուլցեն։