
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է ահաբեկչական խմբավորման և բազաների ոչնչացման մասին Սիստան և Բելուջստան նահանգում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը մեծ վնասներ են պատճառել ահաբեկչական խմբավորմանը հակաահաբեկչական գործողության ժամանակ Սիստան եւ Բելուջստան հարավարեւելյան նահանգում, տեղեկացրել է Mehr-ը։
Երկրորդ բրիգադային գեներալ Սեյեդ Մուհամադ Հոսեյնին, որը Սալման Ֆարսիի անվան հատուկ գործողությունների 110-րդ բրիգադի հրամանատարն է, կիրակի ասել է, որ գործողությունը «լրջորեն խափանել է» «Ջաիշ ալ-Ադլ» խմբավորման գործունեությունը։
Հոսեյնիի խոսքով՝ ԻՀՊԿ ցամաքային զորքերի կոմանդոսների ստորաբաժանումը օպերատիվ այլ ստորաբաժանումների հետ միասին «կարողացել է վճռական պատասխան տալ «Ջաիշ ալ-Ադլի» սպառնալիքներին «Անվտանգության նահատակներ» գործողության ընթացքում»։
«ԻՀՊԿ ցամաքային զորքերի կարեւոր ձեռքբերումներից մեկը «Անվտանգության նահատակներ» գործողության ընթացքում եղել է մի քանի ահաբեկչական կազմավորումների եւ բազաների ոչնչացումը»,- Հոսեյնիին մեջբերել է PressTV-ն։
«Հայտնաբերվել եւ ոչնչացվել է ահաբեկիչների թաքստոցը, որը գտնվում է երկրի ներքին մասում, ինչը լրջորեն խաթարել է «Ջաիշ ալ-Ադլ»-ի ահաբեկիչների գործունեությունը», – ասել է ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարը:
«Վերոնշյալ զորավարժանքների ընթացքում բացահայտվել, ձերբակալվել եւ ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման որոշ հիմնական տարրեր՝ դրանով իսկ ապահովելով կայուն անվտանգություն զգայուն շրջաններում»,- ավելացրել է նա։