Առաջիկայում կունենանք «Հայաստանի պատմություն» անվամբ դասագրքեր․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր կարծիքով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ։  «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում Փաշինյանը նշել է, որ դասագիրքն աչքի է ընկնում իր նորամուծական մոտեցումներով՝ խթանելով աշակերտների վերլուծական և քննադատական մտածողությունը։

«Իհարկե, ես պատմության փորձագետ չեմ և պատմագիտական նրբությունների մեջ չեմ մտնի, բայց կարող եմ միանշանակ ասել, որ դասագիրքը հաջողված է հետևյալ իմաստով․ այն երեխաներին հրավիրում է քննադական դիտանկյունից ընկալել պատմությունը։ Մի բան, որը մեր իրականության մեջ, կարծում եմ, շատ է պակասում։ Բացի այդ, երեխաների համար ստեղծում է իրավիճակներ, նրանց հրավիրում է խաղարկային իրադրություններ ստեղծել մեր պատմության կարևորագույն տարբեր դրվագների շուրջ և այդ խաղարկային բանավիճային իրավիճակներում ընկալել պատմությունը և փորձել այսօրվա դիտանկյունից նայել իրադարձություններին և այդ դիտանկյունից քննարկել և ընկալել, ինչը, կարծում եմ, շատ կարևոր նորամուծություն է»,-նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 7-րդ դասարանի աշակերտներն ու ուսուցիչները լիարժեքորեն կօգտվեն դասագրքի ընձեռած հնարավորություններից՝ դարձնելով պատմության ուսուցումն առավել հետաքրքիր և արդյունավետ։

Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը որոշում է կայացրել առարկայի անվանումը փոխել՝ այն անվանելով «Հայաստանի պատմություն»։

«Այս դասագրքի ընթերցումը վերահաստատեց իմ համոզումունքը, որ առարկան, որը դասավանդվում է, պետք է կոչվի «Հայաստանի պատմություն», ինչի վերաբերյալ կառավարությունն արդեն իսկ որոշում կայացրել է։ Առաջիկայում մենք հենց այս վերնագրի ներքո դասագրքեր կունենանք, որովհետեւ հենց ինքնին վերնագրի դերակատարումը էական է որոշ տեղերում և որոշ նրբությունների համատեքստում, որովհետև այդ վերնագրի ներքո որոշ հարցերի դիտանկյունը, ընկալման անկյունը առավել համապատասխան կլինի Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,-եզրափակել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս