Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչի Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները․ Մանուկյան

Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1-ի եթերում, տարեվերջին հնչի Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտություններն ու բռնել է ուրացման ճանապարհը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ցավալի է, որ թշնամական իշխանության կամակատարներն են դառնում նաեւ Հանրայինի բարձրաստիճան պաշտոնյաները: Մի օր պայմանական «գնդակահարության պատի» տակ արդարացումները չեն ընդունվելու… նրանք ուրացող են»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից երեկ հայտարարել են, որ Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։

«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։

Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,- ասված է պարզաբանման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս