Իրանի նախագահը Հռոմի պապին ուղղված սուրբծննդյան ուղերձում պաղեստինցիներին օգնելու կոչ է արել

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ին ուղղված սուրբծննդյան ուղերձում կոչ է արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել Պաղեստինի ժողովրդին օգնելու համար, գրում է Tasnim գործակալությունը։

Պեզեշքիանը դեկտեմբերի 25-ի ուղերձում շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և աշխարհի բոլոր միաստվածականներին, հատկապես քրիստոնյաներին, Սուրբ Ծննդի կապակցությամբ։

Նա նշել է, որ «Սուրբ Ծննդի տոնակատարությունը դիտվում է որպես հնարավորություն՝ հիշելու աստվածային պատվիրանները և բոլոր մարգարեների ուսմունքները՝ արդարության, խաղաղության և ազատության հասնելու համար», ասված է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։

Ներկա դարաշրջանում հասարակությունը կարիք ունի մարդկային խնդիրների լուծման նոր հեռանկարի, նշել է Պեզեշքիանը՝ հավելելով, որ «մարգարեների վեհ հատկանիշների նկատմամբ հարգանքը կարող է օգնել մարդկանց մարդկային կատարելության հասնելուն»։

«Հուսով եմ՝ Ամանորին մոտենալուն պես ականատես կլինենք ճնշված ժողովուրդների, հատկապես Պաղեստինի անմեղ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ազատության ապահովման արդյունավետ միջոցառումների»,- եզրափակել է Իրանի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս