American Airlines-ը հայտնել է տեխնիկական անսարքության մասին ԱՄՆ-ում իրականացված իր բոլոր չվերթներում
American Airlines-ը հայտնել է, որ Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն, որն ազդել է Միացյալ Նահանգների ներսում իրականացվող բոլոր չվերթների վրա: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք այս պահին տեխնիկական խնդիր ունենք American Airlines-ի բոլոր թռիչքների հետ կապված: Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է, և երբ խնդիրը լուծվի, մենք ձեզ ապահով կհասցնենք ձեր նպատակակետին», – ասված է ընկերության հայտարարության մեջ։ Բազմաթիվ օգտատերեր սոցցանցում հաղորդագրություններ են տարածել, որոնցում դժգոհում են իրենց չվերթների չեղարկումից կամ հետաձգումից:
Միջադեպի մանրամասները չեն նշվում։ Այնուամենայնիվ, Bloomberg-ը հայտնում է, որ ավիաընկերությունը հավանաբար ծրագրային անսարքություն է ունեցել, որը թույլ չի տվել հաշվարկել իր թռիչքների քաշի և հավասարակշռության պահանջները տարվա ամենածանրաբեռնված օրերից մեկում:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ American Airlines ավիաընկերությունը չեղարկել է բոլոր թռիչքները ողջ երկրում: