Թանկացումները փող են բերում բյուջե, որը դառնում է պարգևավճար. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ավագանու այսօրվա նիստում անդրադառնալով կարմիր գծերը թանկացնելու իշխանության որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելուն՝ ընդգծել է, որ այդ թանկացումը Կենտրոնի բեռնաթափմանն այդպես էլ չի հանգեցրել։
Նա նաև հարց է հնչեցրել, որ երբ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնի, իսկ թանկացման օրինագծի համահեղինակ ՔՊԿ-ական փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, օրինակ, որևէ պալմայի ծառի տակ կոկտեյլ խմելուց լինի, ո՞վ է փոխհատուցելու թանկացած կարմիր գծերի համար վճարած քաղաքացիների գումարները։
«ՔՊԿ-ի տրամաբանությամբ՝ կարմիր գծերի համար կարող են 160 հազարը 1 միլիոն 600 հազար դարձնել կամ ընդհանրապես աքսորել մեքենաները Կենտրոնից։
Թանկացումները բեռնաթափման հարցը չեն լուծում, այլ ընդամենը լրացուցիչ մուտքեր են ապահովում, որոնք վերածվում են պարգևավճարների, մեկ անձից գնումների և սեփական քսակի նման գումարները մսխելու գայթակղության»,-ընդգծել է Մանուկ Սուքիասյանը։