
Հարավային Կորեայի նախագահը խռովության գործով չի ներկայացել ոստիկանություն հարցաքննության

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, որի լիազորությունները դադարեցվել են խորհրդարանում իմփիչմենթի հետևանքով, չի ներկայացել Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության վարչության հարցաքննությանը իր դեմ հարուցված խռովության գործով։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Յուն Սոկ Յոլը պետք է Կվաչհոնի կառավարական համալիր ժամաներ տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Ավելի վաղ միացյալ քննչական խումբը փորձել է իր ներկայացուցիչների միջոցով հարցաքննության ծանուցագրերը հանձնել նախագահի աշխատակազմ և նրա նստավայր, իր պահանջն ուղարկել է փոստով։ Նախագահի քարտուղարությունն ու անվտանգության ծառայությունը հրաժարվել են ընդունել դրանք՝ նշելով, որ դա իրենց լիազորություններից դուրս է։Հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության պետ Օ Դոն Ունը դեկտեմբերի 17-ին ասել է, որ ծանուցագրերը դիտավորյալ չեն ընդունվել, և որ իրավապահ մարմինները միջոցներ կձեռնարկեն օրենքին համապատասխան:
Վարչությունում քննարկել են այն հարցը՝ արդյոք հնարավոր է այս իրավիճակում նախագահի ձերբակալման հրամանագիր պահանջել։ Զուգահեռաբար իր հետաքննությունն է վարում դատախազությունը։ Այն նախագահին հարցաքննության էր կանչել դեկտեմբերի 15-ին, բայց նա չէր ներկայացել։
Դատախազությունը դեկտեմբերի 21-ին երկրորդ ծանուցագիրն է տվել։
Դեկտեմբերի 11-ին Բարձրաստիճան ծառայողների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը, ոստիկանությունը և Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պայմանավորվել են միավորել ռազմական դրության դեպքերի հետաքննության իրենց ջանքերը, ինչի արդյունքում ստեղծվել է միացյալ քննչական խումբը։ Կորեայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պաշտոնավարման ընթացքում պետության ղեկավարն անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից, բացառությամբ խռովության և պետական դավաճանության մեղադրանքների: