Կանդելակին, Լարիսա Դոլինան, «Utair», «Գազպրոմֆլոտ»… Ովքեր են հայտնվել ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Եվրամիության երկրների ղեկավարները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթը։

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 16 ֆիզիկական անձանց և 3 կազմակերպությունների դեմ Եվրոպայի և երրորդ երկրների նկատմամբ «ապակայունացնող գործողությունների» համար:

Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվել ՌԴ ժողովրդական արտիստուհի, երգչուհի Լարիսա Դոլինայի, մեդիամենեջեր Թինա Կանդելակիի, քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչևի, ինչպես նաև մի քանի գործարարների («Գազպրոմֆլոտ», «Գազպրոմ ԲՀԳ (բնական հեղուկ գազի) տեխնոլոգիաներ», «Գազստրոյպրոմ», «Ռոսնեֆտեֆլոտ», «Փրայմ Շիփինգ» և «Ինվեստնեֆտետրեյդ» ղեկավարներ) և, ինչպես պնդում են ԵՄ-ում, «Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների» դեմ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 3 կազմակերպություն, մասնավորապես «Utair» ավիաընկերությունը, «Աֆրիկյան նախաձեռնությունը» և «ՊԻԿ» զարգացման ընկերությունը:

ԵՄ փաստաթղթում տրված է հետևյալ ձևակերպումը. սահմանափակող միջոցներ են սահմանվել «նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի կառավարության գործողություններում և քաղաքականության մեջ, որոնք խաթարում են ԵՄ-ի և նրա անդամների հիմնարար արժեքները, անվտանգությունը, կայունությունը, անկախությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև հիբրիդային գործունեության միջոցով`միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների արժեքները»:

Ընդհանուր առմամբ, անձնական սահմանափակումների տակ, որոնք ներառում են ԵՄ ուղևորություններ արգելքը և ակտիվների սառեցումը, հայտնվել է ևս 84–ը, այդ թվում՝ 54 անհատ (զինվորականներ, էներգետիկ ընկերությունների ղեկավարներ, պաշտոնյաներ, մեդիակառույցների ներկայացուցիչներ) և 30 կազմակերպություն (ռուսաստանյան պաշտպանական, բեռնափոխադրող ընկերություններ, «քիմիական գործարան և ռուսական քաղաքացիական ավիաընկերություն»), հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Նո Գվան Չհոլը և Հյուսիսային Կորեայի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կիմ Յոն Բոկը, 26 անհատ և 2 կազմակերպություն Բելառուսից: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության համար, առաջին անգամ լիարժեք պատժամիջոցներ են սահմանվում մի շարք չինական սուբյեկտների նկատմամբ. պատժամիջոցների թվում են ակտիվների սառեցումը և ուղևորությունների արգելքը:

Եվս 32 ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ ՉԺՀ-ից, Իրանից, Հնդկաստանից, Սերբիայից և ԱՄԷ-ից, որպես պատժամիջոց ուժեղացվում են արտահանման վերահսկողության միջոցները՝ կապված «պատժամիջոցները շրջանցելու» կասկածների հետ։

Արևմուտքը Ռուսաստանի վրա ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդի գների բարձրացմանը: 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդեն 14 փաթեթ է սահմանել։

ՌԴ-ից բազմիցս հայտարարել են, որ կհաղթահարեն պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայից նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։

Տեսանյութեր

Լրահոս