Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրի
Հունական մամուլն անդրադարձել է «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած վերջին զեկույցին, որտեղ նշվել է, որ Թուրքիան վերջին տարիներին հզորացրել է սեփական ռազմարդյունաբերությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում ասվում է, որ թուրքական ռազմարդյունաբերական «Baykar», «ASELSAN» և «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերությունները ներառվել են զենքի 100 առաջատար մատակարարների ցուցակում և նրանց արտադրանքի վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը 2023 թվականին հասել է 6 մլրդ դոլարի։
Նշվել է, որ Թուրքիան դարձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացող պետություն՝ ամրապնդելով դիրքերը աշխարհում:
Ընդգծվել է, որ ուկրաինական հակամարտությունը և Գազայի դեպքերն ավելի են ուժեղացրել Թուրքիայի ռազմական արդյունաբերության ընկերությունների ազդեցությունն այս ոլորտում: Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները դարձել են նախընտրելի բազմաթիվ երկրների կողմից՝ Ուկրաինայից մինչև Ալբանիա։
Արդեն հայտնի է, որ «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի, որոնցից 6-ը ՆԱՏՕ-ի, իսկ 4-ը՝ Եվրամիության (ԵՄ) անդամ են։