Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար. Կոպիրկին
Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին, «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության փոխանցմամբ, Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչը միավորում է մեզ, այլև փոխգործակցությունը բարձրացնել նոր մակարդակի և հարմարեցնել նոր իրողություններին»,-ասել է ռուս դիվանագետը։
Նրա խոսքով` առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։ Դրա միավորման հիմք են ընդհանուր դպրոցը, ընդհանուր մասնագիտական մտածելակերպը և ընդհանուր խնդիրները։
Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է հայ-ռուսական ամենամյա առողջապահական համաժողովը: Մասնակցում են երկու երկրների առողջապահության նախարարությունների առաջատար մասնագետները։ Անցյալ տարի նույնպիսի միջոցառում կայացել է Ռուսաստանում։