
Ամուսնությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը

Մեծ Բրիտանիայի Կիիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, նաև փոքրացնում վաղաժամ մահվան ռիսկը: Այս մասին գրում է MedicalXpress-ը:
Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով 34 մեծամասշտաբ հետազոտությունների վրա, որոնք անցկացվել են 1963-2015 թվականների ընթացքում: Այդ բոլոր հետազոտությունները եղել են համեմատական վերլուծություններ ամուսնության և առողջ ապրելակերպի շուրջ:
Հետազոտությանը մասնակցել են 2 միլիոնից ավելի մարդիկ: Մասնակիցների տարիքը եղել է 42-ից մինչև 77-ի միջակայքում:
Ուսումնասիրությունների արդյուքնում պարզվել է, որ չամուսնացածները կամ ամուսնալուծվածներն ավելի վաղ են մահացել, քան ամուսնացածները: Մասնագետներն ընդգծում են, որ այս ամենի պատճառը կարող է լինել այն, որ ամուսնացածներն իրենց մոտ առողջական խնդիրներն ավելի վաղ են հայտնաբերում և դիմում բժշկի։ Դրանից բացի՝ ամուսնացածներն ավելի ամուր սոցիալական կապեր ունեն ու ավելի ապահովված են: